Եթե Բաբայանը հույս ունի՝ գործի նյութերը վառել ենք, նոր Արցախից դուրս եկել, սխալվում է․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ քննիչ հանձնաժողովին ներկայացած Սամվել Բաբայանը «Հրապարակ»-ի հետ զրույցում երեկ «ստախոս» եւ «փիառշչիկ» անվանեց Գուրգեն Ներսիսյանին, ով ասել էր, թե նա Արցախի դատախազությունում հարցաքննվել է 44-օրյա պատերազմի եւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ «Ով ասում ա, թե ես հարցաքննվել եմ, ստախոս ա ու իրեն փիառ ա անում»,- հայտարարեց Բաբայանը խորհրդարանում։
Մենք Բաբայանի խոսքերը փոխանցեցինք այդ քրեական գործը հարուցած եւ քննած, ապա մեզ տված հարցազրույցում այդ մասին հայտնած Գուրգեն Ներսիսյանին, ով պատերազմից հետո Արցախի գլխավոր դատախազ էր աշխատում: Նա ասել էր, որ իր` պետնախարար դառնալուց հետո քրգործի վարույթը կարճվել էր: Ներսիսյանը, լսելով Սամվել Բաբայանի մեղադրանքները, ասաց. «Բաբայանին փոխանցեք՝ ստախոսն ու փիառշչիկն ինքն ա, ու եթե կարծում ա, թե իր նման մտածողները բոլոր փաստաթղթերը վառել եւ դուրս են եկել Արցախից, չարաչար սխալվում է»։ Գուրգեն Ներսիսյանը պնդում է՝ Բաբայանը հարցաքննվել է որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, փաստերը կան։ «Բաբայանը հույս ունի, թե այդ քրեական գործի նյութերն ամբողջությամբ վառել ենք ու նոր Արցախից դուրս ենք եկել։ Նա թող մտածի, որ այդ նյութերի էլեկտրոնային, թվայնացված տարբերակներն էլ կան։ Ես, որպես գլխավոր դատախազ, դրանք թվայնացրել եմ։ Եթե այն ժամանակ Ձեզ հետ զրույցում կասկածանքով էի ասել, քանի որ չէի կարողանում հիշել, ապա հիմա վստահաբար ասում եմ՝ Բաբայանը հարցաքննվել է»,- հավաստիացնում է Ներսիսյանը։
Գ. Ներսիսյանի խոսքով՝ Բաբայանը, որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, կարող էր Փաշինյանին եւ Արայիկ Հարությունյանին ասել, որ հարավային թեւի օպերացիան աղետաբեր կարող է լինել, սխալ է` մի իրականացրեք․ «Հարցաքննության ժամանակ մենք հարցրել ենք Բաբայանին՝ ի՞նչ ես արել, որ կանխես այդ օպերացիան, ունեիր լիազորություն, որ ասիր՝ ընկերներ, սխալ եք գործում։ Անվտանգության խորհրդում բազմաթիվ հարցեր են քննարկվում, ինքը պետք է կարծիքներ հայտներ ոչ թե պատերազմից հետո, երբ ամեն ինչ կորսված էր, այլ հենց այդ ժամանակ։ Այդ ո՞նց եղավ՝ օպերացիան մշակելիս ասում էր՝ «ես եմ», անարդյունավետ ավարտվում է, ասում է՝ «ես ի՞նչ կապ ունեմ, դրա համար բանակ կա»»։
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։