Ծափերն ու հայհոյանքներն ընդունելի են, բայց ո՞ւր է պետական շահը
ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ֆինանսավորումը։
Իհարկե ողջունելի է, բայց․․․կրկին ԱՄՆ նախագահի թեկնածուները մեզ վերաբերող խնդիրները սկսում են օգտագործել ներքաղաքական հարցեր լուծելու համար, ինչպես գրեթե մեկ դար այդ նույն թեկնածուները,Հայոց ցեղասպանությունն օգտագործելով, փորձում էին ստանալ հայ համայնքի քվեները։
Կրկին միջազգային խաղացողները մեզ վերաբերող խնդիրներից փորձում են քաղել իրենց օգուտները ճիշտ այնպես, ինչպես գրեթե մեկ դար Հայոց ցեղասպանությունը սպասարկում էր այլոց պետական շահերը։
Իսկ ի՞նչ ենք արել մենք գրեթե մեկ դար ու ի՞նչ ենք անում հիմա։ Նույն բանը, ոմանցով հիանում ենք ու ծափահարում, ոմանցից նեղանում ենք ու հայհոյում՝ գրեթե առանց գիտակցելու, որ այդ ամենը գեղեցիկ խոսքեր են, որոնց հիմքում ամենևին էլ մեր դարդ ու ցավերը չեն։
Երբ մենք այդ հուզական վիճակներից դուրս գանք, հստակ ձևակերպենք մեր պետական շահը, գուցե այդ ժամանակ էլ դադարենք կուրորեն հավատալուց, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը Յասեր Արաֆաթի օրոք չկարգավորվեց հայերի հանդեպ Արաֆաթի սիրո պատճառով, որ Ֆրանսիայի գոյության միակ իմաստը հայերի պաշտպանությունն է, որ ԱՄՆ բոլոր նախագահներն ու թեկնածուները քնում են արցունքոտ աչքերով, մեկ առ մեկ հիշելով Ցեղասպանության բոլոր զոհերին․․․
Երբ մենք վերջնականորեն գիտակցենք, որ միջպետական հարաբերություններում միակ մոտիվացիան պետական շահն է ու դադարենք օգտագործել դարավոր ածականով սկսվող տափակաբանությունները (բարեկամություն, թշնամություն) ու առաջնորդվենք հստակ ձևակերպված մեր քաղաքական շահով ու օրակարգով, այդ ժամանակ էլ կունենանք այնպիսի պետություն, որը խարխուլ նավակի պես չի ճոճվի ցանկացած քամուց, առավել ևս չի հայտնվի հոգեխանգարվածի կամ գաղափարազուրկ ու անկենսագիր միավորի ձեռքին։