Ադրբեջանը պատրաստ է ձրի գազ տալ ՀՀ-ին, հետո կստիպեն Ալիևի ոտքի տակ կարմիր գորգ փռել
Հինգ տարի պայքար է տարվում Հայոց պատմության, Գրականության, լեզվի ու Եկեղեցու պատմության դեմ, այդպիսի պայքար չկա աստղագիտության, ֆիզիկայի դեմ։ Գաղափարականն ու ազգայինն են քանդում, իշխանությունը հանձնարարական է կատարում։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
«Սա քաղաքական դաշտի խնդիր չէ, սա ժողովրդական գոյության խնդիր է, հաջորդող սերնդից գաղափարը հանիր, հետո կզարմանաք մենք ո՞վ ենք, դպրոցական դասագրքերով հայկականությունը դրված է հարվածի տակ։ Քաղաքական վրիպումները, շառլատանությունը թեթև մեղքեր են այս ամենի համեմատ»,- ավելացրեց գրականագետը։
Անդրադառնալով Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» ֆորումի ժամանակ ՀՀ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանի այն հայտարարությանը, որ քաղաքական հարցերի լուծումից հետո Հայաստանը պատրաստ է գազ գնել Ադրբեջանից՝ Սրապիոնյանը նկատեց․
«Ադրբեջանը պատրաստ է ՀՀ-ին ձրի գազ տալ՝ դրանով վնասելով մեր դաշնակցին, որի համար աշխատում է կառավարական համակարգը, մի քանի տարի գազ կտա, կասենք՝ ինչ լավ է, մի օր էլ գազը կտան այնպես, ինչպես Արցախին էին տալիս ու մեզ այնպիսի իրավիճակում կգցեն, որ պատրաստ լինենք նույնիսկ իսլամ ընդունել կամ Ալիևի ոտքերի տակ կարմիր գորգ փռել։ Իրանից գազ գնելու մասին չեն խոսում, որովհետև իրենց համար հարմար դաշնակից չէ, խոստումներ ունեն, միջազգային ուղեղային կենտրոնների հետ են աշխատում, նպատակ ունեն վերացնել թուրանականության դեմ գլխավոր արգելապատնեշը՝ ՀՀ-ն, և դա տեղի կունենա բնական ձևով` իրենց սիրած թավշյա կործանմամբ»։
Մանրամասները՝ տեսանյութում։