Տիգրան Ավինյանն ազատվում է առավելագույն ձայներ ապահոված վարչական շրջանների ղեկավարներից
YerevanLive-ի տեղեկություններով, առաջիկայում Երևանի քաղաքապետարանում կադրային հերթական վերադասավորումների շրջանակներում վարչական շրջանների որոշ ղեկավարներ և նրանց տեղակալներն ազատվելու են զբաղեցրած պաշտոններից և անցնելու են այլ աշխատանքի։
Մասնավորապես՝ Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Մհերյանը նշանակվելու է ՀՀ տեսչական մարմիններից մեկի ղեկավար, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը կղեկավարի Երևանի ՀՈԱԿ-ներից մեկը, իսկ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանը կնշանակվի Արագածոտնի փոխմարզպետ: Հաշվի առնելով, որ Ռոման Համբարձումյանն ունի ապարանյան արմատներ, հավանաբար հենց դրանով է պայմանավորված նրա նշանակումը հատկապես Արագածոտնի մարզում։
Թեպետ կադրային փոփոխությունը սովորաբար ընդունված պրակտիկա է ընտրություններից հետո, սակայն այն հիմնականում տեղի է ունենում, երբ ընտրությունների արդյունքում իշխանության ղեկը ստանձնում է նոր մարդ, իսկ Տիգրան Ավինյանին քաղաքապետի պաշտոնում նոր մարդ համարելը խիստ հարաբերական է, որովհետև մինչև ՏԻՄ ընտրությունները նա շատ ավելի ծանրակշիռ «քաղաքապետ» էր փոխքաղաքապետի պաշտոնում, քան ընտրություններից հետո, քանի որ ընտրությունները ցույց տվեցին, որ որքան էլ երդման արարողության ժամանակ ուրարտացի զինվորները պատվո պահակություն անեին «Էրեբունու բերդի» դարպասներին, այնուամենայնիվ, երևանցիների ճնշող մեծամասնությունը հրաժարվեց Տիգրան Ավինյանին տեսնել որպես Մենուայի որդի՝ Արգիշտիի իրավահաջորդ։
Հետևաբար եթե Տիգրան Ավինյանը նոր մարդ չէ քաղաքապետարանում, ապա փորձեցինք պարզել, թե ո՞րն է պատճառը, որ երդկնակալությունից հետո կադրային փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացել, ինչպես նաև, ինչո՞ւ հատկապես այս 3 վարչական շրջաններում։
Պարզվում է, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ Տիգրան Ավինյանի համար առավելագույն ձայն ապահովել են այս երեք վարչական շրջաններից երկուսը՝ Դավթաշենն ու Մալաթիա-Սեբաստիան, ուստի դժվար չէ եզրակացնել, որ «նորընտիր» քաղաքապետը առաջին հերթին փորձում է ազատվել հատկապես նրանցից, որոնք ապագայում կարող են իրեն լուրջ հակակշիռ դառնալ ու խոչընդոտել միանձնյա որոշումներ ընդունելուն։
Ինչ վերաբերում է Նոր-Նորք վարչական շրջանին, ապա նա Տիգրան Ավինյանի համար ապահովել է նվազագույն ձայներ, ուստի «հնձում է այն, ինչ ցանել է»։ Իսկ նոր նշանակվող վարչական շրջանների ղեկավարների կենսագրականները կներկայացնենք առաջրկայում։