Իրանը չի բացառում Իսրայելի դեմ այլ ճակատներ բացելու հնարավորությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հայտարարել է, որ Իսրայելի դեմ այլ ճակատներ բացելու հնարավորություն կա։

«Հաշվի առնելով շարունակվող ագրեսիան և պատերազմական հանցագործությունները [Իսրայելի կողմից պաղեստինցիների դեմ գործադրված], ինչպես նաև Գազայի շրջափակումը, կա այլ ճակատներ [հրեական պետության դեմ] բացելու հնարավորությունը», – ընդգծել է նախարարը Al Mayadeen-ին տված մեկնաբանությունում։

Նրա խոսքով՝ իսլամական պետությունները «չպետք է հանդուրժեն այն հանցագործությունները, որոնք կատարում է Իսրայելը»։ Իրանցի նախարարը «խաղաղ բնակչությանը ջրից և էլեկտրականությունից զրկելը, ինչպես նաև Գազայի բնակելի թաղամասերի շարունակական ռմբակոծումը» պատերազմական հանցագործություն է անվանել։

Աբդոլլահյանը հավելել է, որ Իրանը «շարունակում է քաղաքական և տեղեկատվական աջակցություն ցուցաբերել պաղեստինյան դիմադրությանը»։ Նա ընդգծել է, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև «կա համակարգում՝ որպես Պաղեստինին աջակցելու ընդհանուր ռազմավարության մի մաս»:

Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարը Դամասկոս տանող ճանապարհին կանգ է առել Բեյրութում։ Ավելի վաղ իրանական դիվանագիտության ղեկավարն այցելել էր Բաղդադ, որտեղ նրան ընդունել էր Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ Սուդանին։ Բանակցությունների ընթացքում կողմերը պահանջել են դադարեցնել Իսրայելի օդային հարձակումները և վերացնել Գազայի հատվածի շրջափակումը։

Հոկտեմբերի 12-ին Թել Ավիվում կայացած մամուլի ասուլիսում ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում կօգտագործի իր ռազմական ներուժը տարածաշրջանում, եթե «Հեզբոլլահը» հարձակվի Իսրայելի վրա հյուսիսից և բացի երկրորդ ճակատը՝ ասել է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները թույլ չեն տա նման իրավիճակ։