Արցախն ընկավ, որովհետև ՀՀ իշխանությունը Արցախը պաշտպանելու նպատակ, համարձակություն չունեցավ. Սեյրան Օհանյան
Օրվա իշխանությունը շարունակում է ցուցադրել իր քաղաքական մտքի բացարձակ սնանկությունը՝ Արցախի հայաթափման, և ընդհանրապես, ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության հետևանքով Արցախում ու Հայաստանում տեղի ունեցող ողբերգությունների մեղավոր նշանակելով նորից ու միայն ընդդիմությանը, որից բացի այլ թիրախ, ինչպես տեսնում ենք, չունի․ արտաքին ճակատում կառուցողական հանցակիցներ են։ Եվ թերևս այդ տրամաբանությամբ է Էրդողանը հայտարարել, որ Փաշինյանն էլ դժգոհ է հայտնի փոփոխությունից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Իսկ ընդդիմությանն ուղղված մեղադրանքի թեզը ոչ միայն զուրկ է պատճառահետևանքային կապից, այլև բացարձակ աբսուրդ է, կեղծիք․ Արցախի հայաթափման ռազմական-քաղաքական գործողությունների մեջ ընդդիմության մեղքը, ըստ նրանց, փաստորեն, Արցախի նորընտիր նախագահին շնորհավորելն է։
Այնինչ հենց նրանց ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵԼԸ բացահայտ ազդանշան էր Ադրբեջանին, որ կարող են գործել․ իրենք արդեն այն աստիճան գործ չունեին Արցախի հետ, որ այլևս չճանաչեցին Արցախը՝ որպես պետություն, և չշնորհավորեցին նրա նախագահին, թեև Արցախը փրկելու, պահելու բոլոր լծակները հենց նրանց ձեռքում էին, և ոչ թե ընդդիմության։ Եվ այսօր, որքան էլ պետական քարոզչամեքենան ծառայեցնեն բացառապես իրենց շահերը սպասարկելու և ընդդիմությանը մեղադրելու նպատակին, միևնույն է, չեն կարողանալու արդարացնել իրենց և խստագույն պատիժ են կրելու այն հանցանքների համար, որ գործել և շարունակում են գործել Արցախի, Հայաստանի դեմ»-գրել է Օհանյանը։