Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին սպառնում է ցմահ ազատազրկում: Այս մասին հայտնել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից:

Ըստ հաղորդագրության՝ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը «մտացածին Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնում» մասնակցել է «նվաճողական պատերազմին», «հավաքագրել, ֆինանսավորել վարձկանների», «վարժանքներ անցկացրել նրանց հետ, կազմակերպել է նրանց ներգրավվածությունը ռազմական հակամարտություններին և ռազմական գործողություններին», «խախտել է միջազգային իրավունքը զինված հակամարտության ժամանակ և հանցավոր հրամաններ է տվել զինված հակամարտության ժամանակ»։

Հարությունյանը կասկածվում է նաև «ահաբեկչական հարձակումների նպատակով բազմաթիվ հանցագործություններ կատարելու», «Ադրբեջանի տարածքներն ականապատելու», «բալիստիկ և այլ տեսակի հրթիռներով Գանձակ քաղաքի և Ադրբեջանի Բարդա շրջանի՝ առաջնագծի գոտուց դուրս գտնվող բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներ կազմակերպելու համար», որի հետևանքով բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ստացել: