Տեքստի ձևավորմանը Հայաստանը որևէ կերպ չի մասնակցել. տեղի ունեցածը ընդունում ենք ի գիտություն․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտարարեց, որ ԼՂ իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահների առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ։
«Սա վերաբերվում է երեկ կեսօրից Ադդրբեջանի կողմից մեկնարկած հարձակման արդյունքում բռնկված ռազմական գործողությոններին։ Մենք ծանոթացանք տեքստին, այդ տեքստի ձևավորմանը Հայաստանը որևէ կերպ չի մասնակցել»,- նշեց Փաշինյանը։
«Տեղի ունեցածը ընդունում ենք ի գիտություն և կշարունակենք հետևել զարգացումներին։ Վերջին տեղեկատվությունը, որ ես ստացել եմ Լեռնային Ղարաբաղից, այն է, որ ռազմական գործողությունների ինտենսիվությունը կտրուկ նվազել է։ Հույս ունենք, որ ռազմական էսկալացիան չի շարունակվի»,-նշեց նա։
Փաշինյանը հավելեց, որ ենթադրվում է՝ եթե խաղաղապահները նման առաջարկ են արել, ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ և առանց վերապահումների ընդունել են ԼՂ հայության ապահովման ամբողջական պարտավորությունը, ինչով պետք է լիարժեք պայմաններ ապահովեն, որ ԼՂ հայերի՝ իրենց տներում իրենց հողի վրա ապրելու իրավունքը պահպանեն, ապրելու արժանապատիվ ու անվտանգ։