Ադրբեջանը հույս ունի մինչեւ տարեվերջ Հայաստանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիրը. Հաջիեւ
Ադրբեջանը հույս ունի Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրել մինչեւ այս տարեվերջ, ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-Ալիեւի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը։
«Մենք մինչեւ հիմա հույս ունենք խաղաղության պայմանագիրը ստորագրել մինչեւ տարեվերջ եւ հայ քաղաքական ղեկավարությանը կոչ ենք անում կատարել գլխավոր քայլը՝ պաշտոնապես, խաղաղության պայմանագրի տակ ստորագրություն դնելով գրանցել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ներառյալ մեր հանրապետության Ղարաբաղի տնտեսական շրջանը, եւ պարտավորվել ձեռնպահ մնալ ապագայում մեր երկրի ներքին գործերին միջամտելուց։ Այդ թվում եւ մեր ներքին հարցերը, ինչպիսին են Ղարաբաղում հայկական ծագմամբ մեր քաղաքացիների հետ մեր փոխգործակցության հարցերը միջազգային հարթակներ դուրս բերելու փորձերի միջոցով՝ բնակչության այդ խմբի իրավունքների եւ անվտանգության ապահովման պատրվակով։ Նրանք մեր քաղաքացիներն են, եւ նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովվելու են Ադրբեջանի սահմանադրությամբ»,- ասել է Հաջիեւը։