Հայաստանը կանգնած է նոր աղետի առջև, եթե հենց այս պահին չշտկվեն հայ-ռուսական հարաբերությունները, հաջորդ պահ գուցե այլևս չլինի․ սա ոչ թե ռուսամետություն է, այլ պարզ քաղաքական հաշվարկ
Հայաստանը հետ է կանչում ՀԱՊԿ-ում իր մշտական լիազոր ներկայացուցչին, Հայաստան-ՌԴ հարաբերությունները մոտենում են խզման, Հայաստանը վավերացնում է Հռոմի ստատուտը, Հայաստանը պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Ուկրաինա, Նիկոլ Փաշինյանն արևմտյան լրատմավիջոցներին տված հարցազրույցներում ակնարկում է Ռուսաստանի՝ Հայաստանից դուրս գալու մասին, Ռուսաստանն օնլայն ռեժիմով ու գրեթե բոլոր մակարդակի պաշտոնյաների բերանով ստորացնում է Նիկոլ Փաշինյանին։
Այդ ամենին զուգահեռ Ադրբեջանը զորաշարժ է կատարում, մեծ քանակի զինտեխնիկա ու զորք է կուտակում սահմաններին, այդ թվում Նախիջևանի ուղղությամբ, ըստ որոշ լուրերի, զորահավաքների է կանչում նաև պահեստազորին, իսկ Երևանում ընթանում է քարոզարշավ։
44-օրյա պատերազմից առաջ Հայաստանը նույնպես իր անհեռատես քաղաքականության ու անմիտ կոչերի արդյունքում փչացրեց հայ-ռուսական հարաբերությունները, սակայն ձեռք չբերեց ուրիշ և ոչ մի դաշնակից (մտահոգությունները, խիստ մտահոգությունները, անչափ ու դառը մտահոգությունները չենք հաշվում)։
Այս պահին Հայաստանի հետ դաշնակցելու իմիտացիա են ստեղծում միայն ընդդեմ Ռուսաստանի, սակայն երբեք չեն անցնի այն սահմանը, որ դա վնասի Արևմուտքի հուսալի գործընկերներ Թուրքիայի և Ադրբեջանի շահերին։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի ու մի քանի ուղղություններով, հիմա դուք լո՞ւրջ մտածում եք, որ Ամերիկյան ու Ֆրանսիական բանակները գալու են Հայաստան, լո՞ւրջ մտածում եք, որ եթե նույնիսկ ցանկություն ունենան ռազմամթերքով օգնելու, Թուրքիան կամ Վրաստանը միջանցք կտրամադրեն, որ այդ զենքերը մտնեն Հայաստան, թե՞ կարծում եք, որ այս անգամ Բրիտանական նավերին կհաջողվի բարձրանալ հայկական լեռները։
Ըստ այդմ, ո՞րն է հարցի լուծումը։ Բնականաբար ամենաիդեալականը կլիներ այն, որ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ հեռանար իշխանությունից, սակայն նա չի պատրաստվում դա անել։ Նա ունակ է խորտակել ամբողջ Հայաստանը, միայն չհրաժարվի իր փափագած աթոռից։ Նիկոլ Փաշինյանը չունի պետական ու քաղաքական գործչի մտածելակերպ, նա չունի կամք ու վճռականություն, նա չունի նույնիսկ բավարար կրթություն ու գիտելիքներ։ Նրա գիտելիքների ողջ պաշարը բաղկացած է այստեղից ու այնտեղից վերցրած պատառիկներով։ Փոխարենն ունի հիվանդագին ու կույր փառասիրություն։
Նա անշուշտ վաղ թե ուշ հեռացվելու է իշխանությունից, սակայն մինչ այդ ցավոք գուցե մեր կորուստները խորտակիչ լինեն, հետևաբար այս պահին աղետից խուսափելու գրեթե միակ ճանապարհը մնում է հնարավորինս շուտ հայ-ռուսական հարաբերությունների շտկումը։
Իհարկե Ռուսաստանը երբեք չի վստահի Նիկոլ Փաշինյանին, ինչպես և նրան երբեք չի վստահի նաև Արևմուտքը, քանի որ իր ողջ պաշտոնավարման ընթացքում նա ապացուցել է, որ զուրկ է պայմանավորվածություններ պահելուց, սակայն գոնե ժամանակավորապես պետք է կանխել հայ-ռուսական հարաբերությունների գահավիժումը ու բերել նոր մակարդակի։
Հայաստանը կանգնած է նոր աղետի առջև, եթե հենց այս պահին չշտկվեն հայ-ռուսական հարաբերությունները, հաջորդ պահ գուցե այլևս չլինի․ սա ոչ թե ռուսամետություն է, այլ պարզ քաղաքական հաշվարկ