Ադրբեջանը նպատակ ունի կազմաքանդել հայոց պետականությունը․ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը

Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերներին։

Գերագույն հոգևոր խորհուրդն արձանագրում է, որ առկա իրավիճակը ծայրահեղ մտահոգիչ է:

«Ադրբեջանական իշխանությունների օգտագործած հռետորաբանությունը, ինչպես նաև նախաձեռնած քայլերը, ակներև են դարձնում, որ վերջինս պաշտոնապես որդեգրել է ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլև` Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները բռնազավթելու, էթնիկ հայկական ինքնության հետքերն ու ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականություն` նպատակ հետապնդելով կազմաքանդել հայոց պետականությունը:  Ադրբեջանը ոչ միայն չի դադարեցնում Արցախի շրջափակումը, այլև շարունակում է իրականացնել ցեղասպան իր քաղաքականությունը` թշնամանքի ու բռնության նորանոր դրսևորումներով:  Ադրբեջանի պետական և հանրային ողջ քարոզչամեքենան լծված է հակապատմագիտական թեզերի միջոցով հանրային լայն հարթակներում հայոց պետականության և ողջ հայության դեմ կեղծ ու հերյուրածին տեղեկությունների տարածմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը` անսակարկելի են, Արցախի ժողովրդի հանրաքվեով իրացված ինքնորոշման իրավունքը` անվիճարկելի:

«Հայրենիքի առջև ծառացած գոյաբանական մարտահվերների հաղթահարման համար ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել այնպիսի միջոցներ, որոնք կհամախմբեն ազգային, քաղաքական և հասարակական կառույցների ողջ ներուժն ու կարողությունները` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում: Հայրենիքն ամենքինս է, հայոց պետականությունը` սրբազան մասունքը յուրաքանչյուր հայի»,- նշված է հայտարարության մեջ: