Մեկ օրում ինքնասպանության 2-րդ դեպքը՝ նույն զորամասում. Գրանիկը Բենիամին գյուղից էր
Օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում ստացած ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը Շիրակի մազրի Բենիամին վարչական շրջանից էր: 24News-ի հետ զրույցում Բենիամին վարչական շրջանի ղեկավար Արտակ Անտոնյանը հայտնեց, որ պաշտոնական վարկածի համաձայն՝ Գրանիկը ինքնասպան է եղել, սակայն դեռ մանրամասների չի տիրապետում:
Այդ երեխայի մահը հանելուկ մնաց, թե ինչ է իր հետ կատարվել, ոչինչ պարզ չէ: Առավոտյան ժամը 7:00-8:00-ի սահմանում խոսել է ընտանիքի հետ, ասել է՝ ամեն ինչ նորմալ է, ինչից հետո է դեպքը տեղի է ունեցել՝ մեկ-երկու ժամ հետո: Ծնողները շատ կասկածներ ունեն, նախաքննություն է տարվում, կպարզեն երևի: Գրանիկը իմ աչքի առաջ է մեծացել ամեն ինչով յուրահատուկ երեխա էր գյուղի մեջ, իր աշխատասիրությամբ, մարդկային արժեքներով: 15 օր առաջ արձակուրդ էր եկել, տեսել եմ իրեն, որևէ բողոք չուներ,հունվար ամսին է զորակոչվել: Երեք երեխա են, ինքը մեծն է, ծնողների հետ գյուղատնտեսական աշխատանքներով էր զբաղվում»,- մանրամասնեց Անտոնյանը: Անտոնյանի խոաքով, իր տեղեկություններով երկու դեպքն էլ տեղի են ունեցել նույն զորամասում:
Նշենք, որ Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ժորա Զոհրաբի Կարապետյանը: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: Օգոստոսի 11-ին դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գրանիկ Վարդանի Խնկոյանը: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով կատարվում է քննություն: