Երևանի և Բաքվի միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիրը կարող է նոր հակամարտությունների հանգեցնել․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի արտգործնախարարությունում գտնում են, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ պատրաստված խաղաղության պայմանագիր կնքելու փորձն ապագայում կհանգեցնի նոր հակամարտությունների։
Ըստ Գոնչարի՝ Ռուսաստանը գտնում է, որ կողմերն իրենք պետք է որոշեն ստորագրման ժամկետները։
«Պատասխանատու միջնորդների խնդիրն է ոչ թե արագացնել բանակցային գործընթացը, այլ նպաստել ամուր, երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Նրանք պետք է ապավինեն տեղում ստեղծված իրողություններին, առաջին հերթին՝ ամենաբարձր մակարդակով արված ռուս-հայ-ադրբեջանական հայտարարություններին և դրանց հիման վրա գործող մեխանիզմներին», – եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։