Լեգիտի՞մ է արդյոք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը
Երեկվանից կրկին քննարկվում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակո՞ւմ է մնալ լեգիտիմ իշխանություն, թե՞ արդեն կորցրել է իր լեգիտիմությունը։
Իմ կարծիքով, այս քննարկումը քաղաքականապես սխալ է, քանի որ Փաշինյանի իշխանությունն ի սկզբանե չի ունեցել լեգիտիմություն։ Խնդրում եմ, միայն հղումներ չանել ժողովրդի ընտրություն, ժողովրդի վստահություն, ժողովրդի սեր սրտաճմլիկ զեղումներին։ Եթե հարցին մոտենանք զուտ ձայների հաշվարկով, ապա այո, Փաշինյանը 2018 թվականին ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը, սակայն այդ փաստը չի ապահովում նրա քաղաքական լեգիտիմությունը։
Քաղաքականապես լեգիտիմ կարող է համարվել միայն այն քաղաքական միավորը, որը ընտրություններում հաղթում է հավասար մրցակցային պայմաններում։ Հենց այդ հավասար պայմաններն են հանդիսանում ժողովրդավարության ցուցիչներից մեկը։ Իսկ 2018 թվականին տարբեր մանիպուլիացիոն գործոնների շնորհիվ էյֆորիկ մթնոլորտն այնքան բարձր էր, որ վերացրել էր մրցակցությունը՝ դրանով իսկ վերացնելով բուն ընտրությունները։ Ցանկացած մեկ այլ քաղաքական ուժ, եթե հանդես էլ գար բացառապես իրատեսական քաղաքական ծրագրերով, միևնույնն է, որևէ հնարավորություն չուներ հաղթահարելու Նիկոլ Փաշինյանի ամբողջովին պոպուլիզիմի վրա հիմնված պատնեշը, դրան գումարած արտաքին միջամտությունը։
Իսկ արտաքին միջամտության մասին հավաստել է հենց ինքը՝ Փաշինյանը, որովհետև երբ մարդը տեղի-անտեղի հերքում է մի բան, ապա հերքում է հենց այն, ինչն իրականություն է՝ դրանով փորձ անելով վանել կամ կանխել իրեն ուղղված մեղադրանքները։
Եթե նույնիսկ ընդունենք, որ 2018 թվականին իրոք հեղափոխություն է տեղի ունեցել, ինչը կասկածելի է, միևնույնն է, հեղափոխությունները չեն կարող հանդիսանալ ո՛չ ժողովրդավարության, ո՛չ էլ իշխանության լեգիտիմության ցուցիչ։
Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից երեկ թմբկահարվող մանդատին, ապա ո՛չ 2018-ին (երբ ամբողջ քարոզարշավի հիմքը էժանագին սոցիալական շեշտադրումներն էին (վա՜յ ժողովուրդ, մեզ թալանեցին, կեղեքեցին, դու վատ ես ապրում, որովհետև էսինչը լավ տուն ունի, էնինչը մեքենա, մյուսը՝ լավ աշխատանք, իսկ դու՝ոչ), ո՛չ 2021-ին (երբ քարոզարշավի հիմքը կորցրածը հետ բերելու շեշտադրումներն էին՝ կրկին համեմված սոցիալական բաղադրիչներով) հասարակությունը նրան ի վնաս Հայաստանի ու Արցախի ազգային խնդիրների լուծելու մանդատ չի տվել։
Իսկ տված խոստումները չկատարելը կամ տրամագծորեն հակառակը գործելը նույնպես զրկում է իշխանությանը ցանկացած լեգիտիմությունից, անկախ նրա ստացած ձայների քանակից։