Դատարանը մերժել է քաղաքապետի հայցերն՝ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի

Դատարանը մերժել է Երևանի քաղաքապետի հայցերն ընդդեմ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի, գրել է իրավագետ, վերաբերելի գործերով Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը Վահե Գրիգորյանը։

«Ինչպես խոստացել էի` Երևանի քաղաքապետը 3-րդ և 4-րդ անգամ նույնպես պարտվեց.

Նախորդ տարի տեղի ունեցող բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:

4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը հանդիսանում եմ ես, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով իրականացվում է իմ կողմից:

Հունիսի 9-ին արդեն իսկ հայտնել էի, որ Երևանի քաղաքապետը ընդդեմ Իշխան Սաղաթելյանի երկու գործերով` ՎԴ/5036/05/22 և ՎԴ/5094/05/22 պարտվել է:

Ահա քիչ առաջ ՀՀ Վարչական դատարանը ՎԴ2/0186/05/22 և ՎԴ2/0178/05/22 գործերով ևս մեր պահանջներն բավարարել է, այսինքն` մերժել է Երևանի քաղաքապետի երկու հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի:

Հ.Գ. Հարգելի և սիրելի լրագրողներ, պարտվող կողմը Երևանի քաղաքապետն է՝ ի պաշտոնե, բացակայության դեպքում` նրա պարտականությունները ժամանակավորապես կատարողը, քանի որ հայց հարուցելու իրավունքը պայմանավորված է համայնքի ղեկավարի պաշտոնով, իսկ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող(ները) չեն հրաժարվել հայցից»,- գրել է Գրիգորյանը։