20-ից ավելի ադրբեջանական ՀԿ դիմել են Փաշինյանին՝ կոչ անելով «անհապաղ դադարեցնել» Հայաստանում հանքերի շահագործումը
Ադրբեջանի հասարակական կազմակերպությունները դիմում են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության կողմից «բնապահպանական կայունության խախտման» (չակերտները՝ Tert.am) վերաբերյալ։ Ինչպես փոխանցում է Tert.am-ը, այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Դիմումում, մասնավորապես, ասվում է.
«Պարոն վարչապետ,
Մենք՝ Ադրբեջանի Հանրապետությունում գործող ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպություններս, գրում ենք այս նամակը՝ հայտնելով մեր խորը մտահոգությունը Հայաստանի Հանրապետության հանքարդյունաբերության ոլորտում «միջազգային բնապահպանական նորմերի և չափանիշների կոպտագույն խախտումով» (չակերտները՝ Tert.am) իրականացվող գործունեության տարածաշրջանային և գլոբալ բնապահպանական ազդեցությունների հետևանքով առաջացած «լուրջ բնապահպանական ճգնաժամի» (չակերտները՝ Tert.am) կապակցությամբ։
Շարունակվող հանքարդյունաբերական աշխատանքների արդյունքում «էկոհամակարգի ոչնչացումը» (չակերտները՝ Tert.am) վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրների շրջակա միջավայրի համար։ Բնապահպանական վնասների անդրսահմանային բնույթը «վտանգում է» (չակերտները՝ Tert.am) տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս գտնվող համայնքների առողջությունն ու բարեկեցությունը:
Պահանջում ենք դադարեցնել «միջազգային բնապահպանական նորմերի ու չափանիշների, տարածաշրջանի բնակչության իրավունքների խախտմամբ» (չակերտները՝ Tert.am) իրականացվող հանքարդյունաբերական աշխատանքները», – ասվում է նամակում:
Ադրբեջանցիները կոչ են արել Հայաստանի Հանրապետությանն անհապաղ դադարեցնել մի շարք ձեռնարկությունների, այդ թվում՝ Քաջարանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի, Ախթալայի հանքավայրի, Գեղարքունիքի պղնձաձուլարանի գործունեությունը, ինչպես նաև Երասխում նոր մետալուրգիական գործարանի կառուցումը:
Նամակի հեղինակները Հայաստանի ղեկավարությանը կոչ են արել նպաստավոր միջավայր ստեղծել հանքարդյունաբերության վերաբերյալ երկխոսության և որոշումների կայացման գործընթացներին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տեղական համայնքների ակտիվ մասնակցության համար։
«Դիմում ենք Ձեզ խնդրանքով, հաշվի առնելով վերը նշված միջազգային չափանիշներն ու սկզբունքները, բացել Հայաստանի բոլոր հանքարդյունաբերական օբյեկտների դռները փորձագետների, էկոլոգիայի և առողջապահության ոլորտում մասնագիտացած Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար՝ ապահովելու բոլոր պայմանները ձեռնարկությունների ստուգման, գնահատման և մոնիտորինգի, համապատասխան նմուշների ընտրության, չափագրման աշխատանքների կատարման համար», – գրել են նամակի հեղինակները:
Այս ուղերձի տակ ստորագրել է ադրբեջանական 24 ՀԿ-ի ղեկավար: