Արդար հասարակությունն ու Նիկոլ Փաշինյանն անհամատեղելի են

Դատախազության 105-ամյակին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ Հույս ունեմ՝ միասին կիրագործենք ՀՀ քաղաքացիների ակնկալիքը՝ ունենալ արդար հասարակություն և արդար պետություն։

Մի կողմ թողնենք քաղաքական-փիլիսոփայական հին բանավեճը, թե ինչ ասել է առհասարակ արդար պետություն հասկացությունը, քանի որ արդարությունն ինքը սուբյեկտիվ ընկալում է, ու այն, ինչը մեկի համար արդար է, մյուսի համար անարդար կարող է լինել և Փաշինյանի՝ քաղաքական տեսանյունից հերթական անհիմն հայտարարությունն ընունենք որպես ելակետ։

Ժամանակին Կանտը քաղաքացիական ու իրավական պետության վերաբերյալ տվել է հետևյալ ձևակերպումը․ Իրավական պետություն կարող է լինել միայն այն ժամանակ ու այնտեղ, երբ և որտեղ կլինի քաղաքացիական հասարակություն։

Եթե Կանտի ձևակերպումը մի քիչ այլ կերպ ներկայացնենք, ապա կարող ենք անել հետևյալ եզրահանգումը, որ արդար պետություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կլինի արդար հասարակություն, իսկ արդար հասարակությունը չի կարող հանդուրժել Նիկոլ Փաշինյանի ու առհասարակ ներկայիս իշխող կուսակցության քաղաքական գոյությունը ցանկացած դրսևորմամբ, լինի այն թե՛ որպես իշխանություն, թե՛ հետագայում որպես ընդդիմություն։

Արդար հասարակությունը չի կարող հանդուրժել պետության այնպիսի ղեկավարի ու այնպիսի վարչակազմի, որը երկիրը կանգնեցրեց պատերազմի շեմին, այնուհետև հասցրեց պարտության, որը նախ հանձնեց Արցախի տարածքների մեծ մասը, ներառյալ Շուշին ու Հադրութը, այնուհետև ամբողջովին հրաժարվեց Արցախից։ Արդար հասարակությունը չի կարող հանդուրժել այնպիսի ղեկավարի, որը Արցախը հանձնելուց հետո ընդունում է թշնամու պարտադրած կապիտուլիացիոն խաղաղության օրակարգը և պատրաստ է Ադրբեջանին հանձնել նաև Հայաստանի տարածքները։ Արդար հասարակությունը չպետք է ունենա այնպիսի ղեկավար, որը հանդուրժում է թշնամու բանակի ներկայությունը սեփական երկրի տարածքներում։ Արդար հասարակությունը չպետք է համակերպվի այն մտքի հետ, որ իր պետության ղեկավարը զուրկ է քաղաքական կամքից ու պատասխանատվությունից, ով պատրաստ է բոլոր ձախողումների համար մեղադրել բոլորին անխտիր, միայն թե փրկի սեփական կաշին և ում հայտարարություններն ամբողջովին հիմնված են ստի, կեղծիքի ու հակասությունների վրա։

Արդար հասարակությունն ու Նիկոլ Փաշինյանն անհամատեղելի են, հետևաբար այն օրը, երբ հասարակությունը միահամուռ ոտքի կկանգնի ու կտապալի ներկայիս կապիտուլիացիոն վարչակազմին իր ղեկավարով հանդերձ, այդ ժամանակ էլ կարող ենք համարել, որ ունենք արդար հասարակություն, ինչն էլ կդառնա արդար պետության հիմքը։