Կամ Սուրեն Պապիկյանը ծանր հիվանդ է, կամ Հայաստանում ծաղկում է կոռուպցիան

«Հետք»-ը ներկայացրել էր Սուրեն Պապիկյանի եկամուտների հայտարարագիրը, համաձայն որի, ՊՆ ղեկավարը նախորդ տարի նվեր է ստացել 19 միլիոն 750 հազար դրամ, 22 հազար դոլար և 13 հազար 400 եվրո։

Սովորաբար բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց այն եկամուտները, որոնք չեն գոյանում աշխատավարձից, հայտարարագրում են նվերների տեսքով, իսկ նման եկամուտներ կարող են գոյանալ օրինակ բիզնեսից, բայց հաշվի առնելով, որ «նոր Հայաստանում» պաշտոնյաները բիզնես չունեն, հետևաբար այդ տարբերակը բացառվում է։

Հաջորդ հնարավոր տարբերակն է անօրինական եկամուտները, ասենք տարբեր ծրարների տեսքով, կամ կաշառքը, սակայն քանի որ «նոր Հայաստանում» կոռուպցիան գրեթե արմատախիլ է արված, ապա Պապիկյանի ազնվությունը չի քննարկվում։

Հաջորդ տարբերակը ծանր հիվանդությունից բուժվելու նպատակով հավաքագրվող գումարներն են։ Քանի որ մենք վստահ ենք, որ Սուրեն Պապիկյանը ազնիվ մարդ է, վստահ ենք, որ «նոր Հայաստանում» ոչ մի պաշտոնյա, ոչ մի պատգամավոր բիզնես չունի, վստահ ենք, որ «նոր Հայաստանում» կոռուպցիա գոյություն չունի, կար, բայց 2018 թվականին այն իսպառ վերացավ, իսկ «նոր Հայաստանում» պաշտոնյաների, ներառյալ Սուրեն Պապիկյանի կողմից շուկայականից շատ ցածր գներով բնակարաններ ձեռք բերելը Նիկոլ Փաշինյանը համարում է նորմալ երևույթ, մնում է միայն այս վերջին տարբերակը, որ ցավոք ՊՆ ղեկավարը ծանր հիվանդ է։

Հաշվի առնելով նաև այն, որ վերջերս ՀՀ պետական սահմանները ստացել են բաց դռների կարգավիճակ, որից ադրբեջանցիներն անարգել մուտք են գործում Հայաստան, առևանգում հայ զինվորներին, մեր կասկածները հաստատվում են՝ ՊՆ ղեկավարը առողջական խնդիրներ ունի։

Հուսանք՝ բուժումից հետո Պապիկյանը կկարողանա լիարժեք լծվել ՀՀ սահմանների պաշտպանությանը ու Հայաստանը կսարքի անառիկ բերդ։