Կառավարության շենքի մոտ վթարային իրավիճակ ստեղծած հարբած դատախազը շարունակում է պաշտոնավարել, նրան մեղադրանք չի առաջադրվել

Հարբած վիճակում ավտոմեքենան վարելու հետեւանքով Երևանի կենտրոնում՝ Կառավարության շենքի մոտ, ավտոճանապարհային պատահարի հեղինակ դարձած Կոտայքի մարզի դատախազության դատախազ Արման Մաթևոսյանը ոչ միայն մեղադրյալի կարգավիճակ չունի, այլև՝ շարունակում է պաշտոնավարել։

Հիշեցնենք, որ 2023թ. մայիսի 9-ին Երևանում՝ ժամը 02.10-ի սահմաններում Tesla մակնիշի 04 SO 001 համարանիշի ավտոմեքենան Տիգրան Մեծի պողոտայի թիվ 1 հասցեի մոտ բախվել է ծառին, ապա՝ 36-ամյա Գևորգ Գալստյանին պատկանող ավտոմեքենային, առաջ ընթանալով հայտնվել ՀՀ Կառավարության անցագրային կետի մոտ։ Պարզվել է, որ «Տեսլա» մեքենայի ղեկին եղել է Կոտայքի մարզի դատախազ Արման Մաթևոսյանը՝ ոչ սթափ վիճակում։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե արդյոք դեպքի առնչությամբ վարույթ նախաձեռնվել է, ինչ կարգավիճակ ունի դատախազը, նրա նկատմամբ ծառայողական քննություն նշանակվե՞լ է, լիազորությունները կասեցվե՞լ են, թե ոչ։ Ի վերջո, ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելու և ՃՏՊ-ի պատճառ դառնալու համար դատախազը՝ քրեական, վարչական կամ կարգապահական որևէ պատասխանատվության ենթարկվե՞լ է, թե՝ ոչ։

Դատախազությունից ի պատասխան հայտնել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը), սակայն պատահարի հեղինակ դատախազին մեղադրանք չի ներկայացվել, նա ընդամենը վկա է անցնում՝ իր իսկ մասնակցությամբ ՃՏՊ-ի գործով։

«Ա. Մաթևոսյանի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է կարգապահական վարույթ, որի նյութերը ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողով՝ վերջինին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար, նրա պաշտոնավարումը չի կասեցվել։ Ինչ վերաբերում է քրեական և վարչական պատասխանատվության ենթարկելու հարցին, ապա այն կարող է քննարկվել քրեական վարույթի ավարտման փուլում»,- հայտնել են դատախազությունից։

Փաստացի՝ դատախազ Արման Մաթևոսյանը ոչ միայն մեղադրյալի կարգավիճակ չունի, այլև՝ նրա լիազորությունները կասեցված չեն ու իր դիրքը օգտագործելով շատ հանգիստ կարող է ազդել նաեւ քննության վրա։ Ասել է թե՝ այն ինչ արգելված է հասարակ քաղաքացիներին, ներելի է յուրայիններին։