ԱՄՆ-ը, Ալիևին ներկայացնելով «մարդասեր», հասկացրեց, որ կողմ է Արցախի ամբողջական կազմալուծմանը
Այլևս ակնհայտ է դառնում, որ եթե Արցախը մնում է Ադրբեջանի կազմում, որևէ երկխոսություն Ստեփանակերտի ու Բաքվի միջև տեղի չի ունենա ու Արցախը չի կարող խուսափել ամբողջական հայաթափումից։ Արևմուտքի կողմից յուրաքանչյուր հայտարարությունից հետո պարզ է լինում, որ նրա կոչերը կեղծ են ու երբևէ Արևմուտքը չի երաշխավորի Արցախի անվտանգությունը։ Հավատալ Արևմուտքի շողոքորթությանը, նշանակում է ինքնակամ գնալ ցեղասպանության։
Այսօր ԱՄՆ Պետդեպը հերթական անգամ խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, այս անգամ անդրադարձավ Բերձորում արված Ալիևի հայտարարություններին։ Իրեն հատուկ երեսպաշտությամբ ԱՄՆ պետդեպը ոչ միայն չդատապարտեց Ալիևի արգեսիվ հռետորաբանությունը Հայաստանի ու Արցախի հանդեպ, այլև սղագրեց նրան ու ներկայացրեց որպես «մարդասեր»։
Ալիևը Բերձորում հայտարարել էր, որ կմտածի «համաներման» հարցը քննարկելու մասին, ինչն էլ ողջունեց ԱՄՆ պետդեպը։ Սակայն Ալիևը «համաներման» համար շատ հստակ պայմաններ էր դրել, այն է՝ Արցախի նախագահը պետք է հանձնվի, խորհրդարանը ցրվի, բոլոր նախարարներն ու պաշտոնյաները հրաժարական տան, ՊԲ-ն լուծարվի։ Այլ խոսքով, Ալիևը պահանջում է, որպեսզի նախ ամբողջ Արցախը կազմալուծվի, հետո նոր միայն մտածի «համաներման» հարցը քննարկելու մասին։ Ավելորդ է նաև նշել, որ «համաներման» հարցը քննարկելը դեռևս ամենևին չի նշանակում «համաներում»։
Ըստ այդմ, ԱՄՆ-ն շտապելով Ալևին հռչակել «մարդասեր» ու ողջունելով նրա ագրեսիվ հռետորաբանությունը, անուղղակի խոսքով հասկացրեց, որ կողմ է Արցախի ամբողջական կազմալուծմանը ու այդ հարցում Ալիևը կարող է լիովին հույս կապել իրենց հետ։