Արցախում ապրում են մեր հայրենակիցները՝ հայերը, Ջավախքում էլ են ապրում հայեր, Գլենդելում էլ են ապրում հայեր․ ՔՊ-ական պատգամավոր

ՀՀ պետական շահերի պաշտպանությունը մեր առաջնային խնդիրն է, որի համար մենք գործում ենք: Բոլոր մնացած հարցերը ՀՀ ինքնիշխանության և կենսագործունեության օրակարգի բաղադրիչներ են: ՀՀ քաղաքական գործիչները ՀՀ ժողովրդից ստացել են մանդատ՝ սպասարկելու պետական շահերը: Ցանկացած քաղաքական գործիչ, ով կպնդի, որ ՀՀ շահերը պետք է ստորադասվեն օրակարգի այլ հարցի լուծմանը, իմ կարծիքով, իրականացնում է հակապետական գործունեություն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Արցախում ապրում են մեր հայրենակիցները՝ հայերը, Ջավախքում էլ են ապրում հայեր, Գլենդելում էլ են ապրում հայեր…, մեր պետական գործիչների առաջնային խնդիրը ՀՀ-ի շահերի սպասարկումն է: Մենք կանգնած ենք երկընտրանքի առջև, երբ միտքն ու սիրտը սկսում են հակասել իրար: Երբեմն ՀՀ ազգային շահերի պաշտպանությունը չի համընկնում ՀՀ ազգային շահերի ալգորիթմին», – ասաց ՔՊ-ականը: