Սամվել Բաբայանը երկու ժամ տվեց Արային Հարությունյանին. Պահանջում է իրեն պետնախարար նշանակել

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Սամվել Բաբայանի նախաձեռնած հանրահավաքի մասնակիցները պահանջեցին Սամվել Բաբայանին նշանակել Արցախի պետնախարար։

«Մենք պարտավոր ենք մեր երկիրն ազատ ու անկախ տեսնել, ինչպես հռչակել ենք»,- հանրահավաքի ժամանակ հայտարարել է Սամվել Բաբայանը,որը 44 օրյա պատերազմի ժամանակ եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը։

Նա նշեց, թե իր կազմակերպած հավաքը իշխանության համար պայքար են դիտարկում, մինչդեռ, ըստ նրա, ունենք լուրջ պրոբլեմ, որ կարող ենք դառնալ փախստական, եթե շարունակենք այս ձևով, երբ ամբողջ հանրությունը կողքից դիտորդի դերում է:

«Ամբողջ խնդիրն այն է, որ երեկ Բրյուսելում հայտարարում են, որ Ադրբեջանը 86600 ք/կմ տարածք ունի, որտեղ ընդգրկված է Լեռնային Ղարաբաղը: Հայաստանը ճանաչում է այդ Ադրբեջանը, այն իր իրավունքն է»,- հայտարարել է Սամվել Բաբայանը ու հրապարակեց 5 կետ, որոնք ենթակա են անհապաղ կատարման։

Առաջինը, ըստ նրա, արցախցիների պաշտպանությունն է՝ պրոֆեսիոնալ բանակով, որովհետև առանց դրա արցախցին ոչինչ չի կարող անի: Երկրորդը դեմոգարֆիան է, ինչի համար պետք է տնտեսությունը վերականգնել, որ ծնելիությանը զարկ տան: Հաջորդը թոշակառուների խնդրի լուծումն է, որ սոցիալական այս վիճակից դուրս բերեն նրանց:

«Եթե մենք չենք կարողանալու այդ խնդիրները լուծել և այդ պատասխանատվության տակ մտնել, ուրեմը կորցնելու ենք Արցախը»,-հայտարարեց Սամվել Բաբյանը և ներկաներին կոչ արեց ինչքան պետք է կանգնեն այդ հրապարակում և պահանջեն խնդիրների լուծումը ու եթե հավաքվելու են ու գնան, ապա արդյունքի չեն հասնի:

Նա վստահեցրեց, որ 5 կետը 100 օրում են անելու։ Ապա հրապարակվեց հայտարարության տեքստը, որով Արցախի Հանրապետության նախագահից պահանջում են Սամվել Բաբայանին նշանակել պետնախարար:

Բեմ հրավիրվեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, որը հայտնեց որ ուղերձը կփոխանցի նախագահին և երկրում սկսելու են քաղաքական կոնսուլտացիաները և դիտարկելու են բոլոր առաջարկները:

Սամվել Բաբայանը հայտարարեց, որ իրենց պատասխանը պետք է երկու ժամից, որպեսզի որոշեն իրենց հետագա անելիքը։