Ադրբեջանը ռազմական գործողություն է կատարել՝ սպառնալով էթնիկ զտմամբ, ՊՆ-ն անգործություն է դրսեւորում, իսկ ժողովուրդը բավարարվում դրոշ այրելով. արքեպիսկոպոս Աջապահյան
«Այն, ինչ երեկվանից կատարվում է Արցախում և նրա շուրջ, որևէ բանական մեկնաբանության ենթակա չէ, թերևս միայն մեկ բնորոշում կարող ենք տալ՝ սա ինքնասպանություն է, որի հիմնական և առաջին մեղավորն ու պատասխանատուն, իհարկե, օրվա իշխանությունն է։ Սակայն այս ամենը միայն նրանց տոտալ անտարբերության և ամենաթողության արդյունքում չեղավ, այլ նաև մեր հասարակության մեղավորության պատճառով, որ այդպես էլ ի վիճակի չեղավ իր համար առաջնորդ ծնելու։ Մյուս կողմից, եթե հասարակությանը չի հաջողվում առաջնորդ գտնել, նշանակում է՝ եղածները նրա առաջնորդը չեն»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասում է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանը հերթական խոշոր գործողությունն է իրականացրել` փակելով Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որից հետո հայտարարել, թե այնտեղ հսկիչ- անցագրային կետ են տեղակայել:
Շիրակի թեմի առաջնորդը հստակցնում է՝ ժողովուրդն, ի վերջո, պետք է ոտքի կանգնի, որպեսզի իր կամարտահայտությամբ երկրում հրատապ կերպով իշխանափոխություն իրականացվի, այլապես, Արցախում, արդեն, պատանդի կարգավիճակում հայտնված մեր 120.000 հայրենակիցների ճակատագիրը նոր Ցեղասպանության ենթարկվելն է. «Այս հասարակությունն այդպես էլ ի վիճակի չեղավ ինքնուրույն առաջնորդ ընտրելու, որովհետև ցանկացած անձի մեջ, առաջին հերթին, թերություն տեսավ և ոչ առավելություն, հետևաբար նաև՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը փոշիացրեց։ Օրվա իշխանությունն էլ, որ հիանալի կերպով բռնել է պառակտման այս թելը, արեց այն, ինչ ցանկանում է՝ սպասարկելով թշամի երկրների շահերը։ Նա հասկացել է, որ ներքևից վտանգ չունի, կարևորը՝ վերևում իշխանության աթոռը պահելն է և, ահա, անում է դա՝ բացառապես ամեն գնով, այդ թվում նաև՝ հաջողությամբ վարկաբեկելով ժողովրդի կողմից առաջ քաշված ցանկացած առաջնորդի»։
Սրբազանը նկատում է՝ ո՞վ էր տեսել, որ Հայոց Ցեղասպանության հենց նախօրեին, թշնամին իրեն որևէ տեսակի սադրանք թույլ տար։ Ընդհակառակը, ամեն տարի այս օրերին թշնամին իրեն ընդգծված զուսպ էր պահում, որևէ տեսակի գրգռում թույլ չտալու համար։ Այն, ինչ կատարվեց երեկ՝ հենց տարելիցի նախօրեին, Արցախի տոտալ շրջափակման տեսքով, որ, ըստ էության, իրենից ռազմական գործողություն է ներկայացնում, լկտիության ակտ էր, որ իր հերթին, օրվա այս իշխանությունների ամենաթող, կամազուրկ վարքի հետևանք է»,- ասում է Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Հարցին՝ որո՞նք են լինելու ժողովրդի հստակ քայլերը՝ փրկելու համար արցախցի մեր հայրենակիցների կյանքն ու պաշտպանելու Արցախի և ՀՀ վտանգված սահմանները, ըստ սրբազանի մեկն է՝ հրատապ իշխանափոխություն, որն, իր հերթին, կբերի նաև Պաշտպանության նախարարության անթույլատրելի այս աշխատաոճի փոփոխության, որովհետև, ըստ վերջինիս, այն, ինչ կատարվում է այսօր Արցախում և ՀՀ սուվերեն տարածքում, մեծ իմաստով, հենց, բանակի հանցավոր բացթողման հետևանք է, որի քայլերն, իհարկե, թելադրված են օրվա ազգադավ իշխանության պահանջով. «Ըստ էության, հայկական բանակ, կարելի է ասել չկա, գոյություն չունի, մեր բանակը լուծարված է, այլապես՝ մեր սահմաններին և Արցախում այս գոյաբանական խնդիրը չէր առաջանա։ Հասկանո՞ւմ եք՝ թշնամին այնտեղ Արցախի սահմանն է փակել, զրկելով մեր հայրենակիցներին տարրական պաշտպանության միջոցներից, ըստ էության, պատանդառության վերցրելով 120.000 քաղաքացիների, Պաշտպանության նախարարությունը լուռ անգործության մեջ է։ Սա պետական հանցագործություն է։ Մյուս կողմից էլ նայում ես ժողովուրդն՝ նրանք այստեղ բավարարվում են դրոշ այրելով։ Ի վերջո ե՞րբ է մեր մեջից իսպառ արմատախիլ արվելու այդ զգացմունքային սենտիմենտալիզմը։ Ադրբեջանը ռազմական գործողություն է կատարել՝ սպառնալով էթնիկ զտմամբ, դուք ի պատասխան՝ դրո՞շ եք այրում…Ձեր դրոշ վառելն ո՞ւմ է պետք։ Քանի դեռ մենք իրական պայքարը փոխարինում ենք այսպիսի սենտիմենտալ հիմարություններով, մեր վիճակն այս է լինելու»,- ասում է սրբազանը։
Ես մշտապես հիացել և հպարտացել եմ Արցախի մեր հայրենակիցներով, հիանում և հպարտանում եմ նաև այսօր և ապագայում, նույնպես, իմ վերաբերմունքը նրանց նկատմամբ չի փոխվելու, ասում է Շիրակի թեմի առաջնորդը. «Այն տոկունությունն ու կամքի դրսևորումը, որ ցուցաբերում են մեր հայրենակիցներն Արցախում, աներևակայելի է։ Ցավում եմ, իհարկե, որ մեր հայրենակիցները հայտնվել են այդպիսի իրավիճակում, որովհետև ես արցախցուն հայաստանցուց չեմ տարբերում։ Մենք բոլորս միևնույն մարմնի մասն ենք։ Ինչպես որ Ավետարանն է ասում՝ երբ մարմնիդ մի հատվածը ցավում է, ցավում է ամբողջ մարմինը։ Մինչդեռ, մենք մի բռունցք դարձած, պետք է պայքարեինք՝ դիմակայելու այս արհավիրքին, որ Ցեղասպանությունից 108 տարի անց, կրկին չոքել է մեր դռանը»։
Խոսելով այսօրինակ ողբերգության ֆոնին՝ իրեն Աստծու իշխանության հետ համեմատող Փաշինյանի վերջին աղմկահարույց հայտարարության մասին, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նկատում է՝ այդպիսի աստվածներ այս աշխարհը շատ է տեսել, սակայն այդ բոլոր աստվածներն անհիշատակ մեռել – գնացել են, դրանց գերեզմանների տեղը, շատ հաճախ, հայտնի չի էլ եղել, իսկ եթե դրանք գտնվել են՝ պղծվել են։ Այնպես որ՝ այս մեկ աստվածն էլ թող լինի՝ փոքրատառով աստված լինել ինքը կարող է իրեն թույլ տալ, ասում է սրբազանը։