Արայիկ Հարությունյանը սխալվում է իր մտահոգություններում․ դուք իրականում հասցրել եք Հայաստանն ամբողջովին նորովի ներկայացնել
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մտահոգություն է հայտնել, որ միջադեպը թույլ չտվեց լիարժեք վայելել Հայաստանը նորովի ներկայացնելու մեր ջանքը։
Պարո՛ն Արայիկ Հարությունյան, ձեր մտահոգությունները թերևս խիստ չափազանցված են, քանի որ դուք արդեն հասցրել եք Հայաստանը նորովի ցույց տալ, ու ձեր ջանքերը զուր չեն անցել։
Ձեր իշխանության գալու առաջին իսկ օրից դուք հետևողականորեն պատերազմը մոտեցրել եք Հայաստանի դռանը՝ այդ ընթացքում նույն հետևողականությամբ փչացնելով հարաբերությունները դաշնակիցների հետ։
Դուք հասցրել եք կորցնել Արցախի մեծ մասը, հանձնել եք Շուշին, կորցրել եք Արցախը շրջապատող բոլոր շրջանները, որոնք ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգության գոտին էին։
Դուք ձեր ձեռքերը լվացել եք Արցախից փաստացի հանդուրժելով նրա ամբողջական շրջափակումն Ադրբեջանի կողմից։
Դուք Ադրբեջանին եք հանձնել Հայաստանի տարածքները՝ հայտարարելով, որ մենք չենք ցանկանում կռվել ինչ-որ մի սարի կամ լճի համար։ Դուք առ այսօր շարունակում եք Ադրբեջանին զիջել բոլոր կարևորագույն դիրքերը, ինչի արդյունքում թշնամին ուղիղ հսկողություն է սահմանել մեր գրեթե բոլոր ռազմավարական ճանապարհների վրա՝ փաստացի Հայաստանին զրկելով առանց իրենց հսկողության որևէ տեղաշարժից։
Դուք Հայաստանի սահմաններում հայտարարել եք անժամկետ բաց դռների օր, ադրբեջանցիները կարողանում են թափանցել մեր սահմաններից ներս ու սպանել առաջին իսկ պատահած հային։ Ուժային կառույցներն այն աստիճան եք զրկել պրոֆեսիոնալիզմից, որ Հայաստան ներխուժած ադրբեջանցուն բռնում են անզեն քաղաքացիները։
Խաղաղության անհեթեթ ու անպիտանի օրակարգը հռչակելով առաջնահերթություն՝ հետևողականորեն կազմաքանդել ու շարունակում եք բանակի ամբողջական լուծարման գործընթացը։
Հայաստանը տարածաշրջանային գործոնից վերածել եք ընդամենը մի օբյեկտի, որի սահմանների շուրջ բանակցում ու հայտարարություններ են անում բոլոր շահագրգիռ կողմերը, իսկ դուք ընդամենը դիտորդի դերում եք։
Ազգային ժողովը լցրել եք անկենսագիր, գաղափարազուկ զանգվածով, որի ջանքերը սոսկ Նիկոլ Փաշինյանին աստվածացնելն է։ ՀՀ նախագահ եք հռչակել մեկին, որի միակ գործառույթը ամիսը մեկ անգամ Նիկոլ Փաշինյանին շնորհակալություն հայտնելն ու դաշնամուր նվագելն է։
Թերևս կարելի է երկար շարունակել, սակայն այսքանն էլ բավական է, որպեսզի համոզվեք, որ իրոք ձեր ջանքերը Հայաստանը նորովի ներկայացնելու գործում զուր չեն անցել։ Մխիթարվեք։