Տեղ գյուղում զոհված չորս զինվորականները հողին հանձնվեցին
Տեղ գյուղում ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետեւանքով զոհված չորս սպաներն այսօր հողին են հանձնվել, գրում է News.am-ը։
Հատուկջոկատային, փոխգնդապետ Մկրտիչ Հարությունյանը հուղարկավորվեց «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: 34-ամյա Մկրտիչն Արագածոտնի մարզի Թալին քաղաքից էր, ուներ երկու դուստր:
26-ամյա լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը հուղարկավորվել է Վայոց ձորի Զառիթափ գյուղի եղբայրական գերեզմանատանը: Հենրիկը մասնակցել էր նաեւ 44-օրյա պատերազմին: Ջաբրայիլի շրջանի մարտերին մասնակցելիս ուսի հատվածում մանգամ վիրավորում է ստացել, ապաքինվել ու կրկին վերադարձել է մարտի դաշտ, եւ ստացել երկրորդ վիրավորումը ոտքի հատվածում:
Լեյտենանտ Արթուր Սահակյանը հուղարկավորվեց Շիրակի Ազատամարտիկների պանթեոնում: 23-ամյա Արթուրը Գյումրիից էր, զբաղվում էր կարատեով:
29-ամյա հատուկջոկատային Նարեկ Սարգսյանը հուղարկավորվեց Սեւան քաղաքում: Նախքան զինվորական դառնալը Նարեկը սովորել էր Սեւանի քոլեջի ծրագրավորման բաժնում: