«Թուրք ենք բռնել, եկել մեզ ասում են՝ ի՞նչ եք անում»․ ինչպես են Աճանանի երիտասարդները բռնել ադրբեջանցուն

ՀՀ սահմանը հատած ադրբեջանցուն հայտնաբերել են Սյունիքի մարզի Աճանան գյուղի 3 երիտասարդները: NEWS.am-ը կապ է հաստատել երիտասարդներից Գոռ Օհանջանյանի հետ, որը մանրամասներ է պատմել դեպքից:

«Ես ու ընկերս գյուղից դուրս էինք եկել, գնում էինք Կապան, ճանապարհին տեսանք դրան՝ թուրքական զինվորական ֆորմայով, կանգնեցինք, հարցեր տվեցինք, հասկացանք, որ թուրք է: Հետո մյուս ընկերս եկավ՝ Աշոտը: Բռնեցինք, հետո ոստիկանները եկան ու մեզ են հարցնում, թե մենք ինչ ենք անում այստեղ, ինչու ենք բռնել եւ այլն: Մեր ոստիկաններն էլ, փոխարենը դրան բռնեին, եկել ու մեզ են բան ասում: Թուրք ենք բռնել, եկել մեզ ասում են՝ ի՞նչ եք անում, մեզ են գցում, հասկանո՞ւմ եք»,- պատմել է Գոռը:

Գոռ Օհանջանյանը նկարագրել է, թե ինչ վիճակում են հայտնաբերել ադրբեջանցուն.

«Թրջված էր, կեղտոտ վիճակում էր: Մոտը փամփուշտներ կային, մասկաներ, խառը զինամթերք ուներ: Ձեռքին հեռախոս էլ կար, դա այն մարդու հեռախոսն էր, որին սպանված են գտել կոմբինատում»: