Մեղք է, երբ հալածում են եկեղեցուն, կրկնակի մեղք է, երբ Աստծուն խառնում են քարոզարշավին

Երբ 2018 թվականին ՔՊ-ն եկավ իշխանության, անշուշտ կհիշեք, որ նրանց թիրախում առաջինը հայտնվեց Հայ առաքելական եկեղեցին։ Առաջին հարվածները սկսեցին հասցվել ոչ միայն հոգևորականներին, ներառյալ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, այլև հենց եկեղեցուն, որպես ինստիտուտի։

Իշխանության ներկայացուցիչներից շատերը նույնիսկ չէին թաքցնում իրենց աթեիստ լինելու հանգամանքը և բացեիբաց ծաղրում էին հավատքն ու կրոնական ծեսերը։

Ահա հենց այդ ժամանակահատվածում, երբ Տիգրան Ավինյանը հանդիսանում էր ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Հայաստանի փոխվարչապետը ու կանգնած էր բոլոր որոշումների կայացման հիմքում, այլ խոսքով եկեղեցուն հասցված բոլոր հարվածների անուղղակի պատասխանատուն նաև ինքն էր։

Բայց այսօր, Երևանի քաղաքապետ դառնալու ակնհայտ մոլուցքը նրան վերադարձրել է Մայր եկեղեցու գիրկը։ Եվ դա բնական է, քանի որ գիտակցելով երևանցիների մեջ ունեցած իր խայտառակ ցածր վարկանիշը, նրան այլ բան չի մնացել, քան հույսը դնել Աստծո վրա։

Տիգրան Ավինյանը երեկ, Սուրբ Զատկի օրը գնացել է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Անշուշտ այստեղ որևէ դատապարտելի բան չէր կարող լինել, եթե Սուրբ Զատիկը նա չփորձեր ծառայեցնել իր էժանագին փիառին։ Էժանագին, քանի որ Տիգրան Ավինյանն այն անձը չէ, ում պետք է կցված լինեն լրագրողներ, օպերատորներ ու ֆոտոլրագրողներ, որոնք ի պաշտոնե պետք է լուսաբանեն նրա ցանկացած քայլը։ Ըստ պաշտոնական հիերարխիայի, նա Հայաստանում ընդամենը 3-րդ կարգի պաշտոնյա է, քանի որ Հայաստանում կան հարյուրավոր փոխքաղաքապետներ։

Ակնհայտ է, որ նա իր հետ տարել է սեփական լուսանկարչին, որպեսզի բոլորը տեսնեն ինչպիսի բարեպաշտ է Երևանի փոխքաղաքապետը։

Այլ խոսքով Ավինյանը եկեղեցի էր գնացել ընդամենը քարոզարշավի համար, մինչդեռ մեղքերին թողություն հայցելուն պետք է գնար միայնակ ու առանց ցուցամոլության՝ ծնկաչոք աղոթեր մի անկյունում։ Միայն այդկերպ է հնարավոր արժանանալ ներմանը։