Մհեր Սահակյանին կարող են ազատազրկել միայն Վլադիմիր Վարդանյանի ունքը մշակութային արժեք հռչակելուց հետո
Գլխավոր դատախազը ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
Այսինքն՝ նա միջնորդագիր է ներկայացրել մի մարդու, որը փողոցում թքում է քաղաքացու վրա, այնուհետև հրճվանքով հայտարարում, որ լավ է արել։
Ի՞նչ է արել պատգամավոր Մհեր Սահակյանը։ Տղամարդավարի, լինելով միայնակ, հարվածել է մեկ այլ տղամարդու (համենայնդեպս, Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ ինքը տղամարդ է) ունքին, ինչի արդյունքում ունքը թեթևակի արյունահոսել է։
Իսկ ի՞նչ է արել Ալեն Սիմոնյանը (նա էլ իր մասին կարծում է, որ երևանցի տղա է)։ Թիկնապահներին կարգադրել է բռնել քաղաքացու ձեռքերը, որը զրկվել է որևէ հակահարված տալուց կամ պաշտպանվելուց, «տղամարդավարի» մոտեցել ու թքել է նրա երեսին։
Եթե նույնիսկ Մհեր Սահակյանը զրկվի պատգամավորական մանդատից, միևնույնն է, մնալու է հաղթած։ Նրան միանշանակ չեն ազատազրկի, եթե, իհարկե, հանդես չգան օրենսդրական նախաձեռնությամբ ու բոլոր ՔՊ-ականների ունքերը չհռչակեն մշակութային արժեք, որոնք գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո։
Իսկ Ալեն Սիմոնյանը մնալու է մի մարդ, որը կարողանում է միայն թքել, այն էլ պաշտպանությունից զրկված մարդու վրա, իսկ բռունցքով հարվածել բնականաբար չի կարող, քանի որ դա հատուկ է իսկական «երևանցի տղերքին» ու առհասարակ իսկական տղամարդուն՝ անկախ բնակության վայրից։
Ինչ վերաբերում է Աննա Վարդապետյանին, թերևս նրան անդրադառնալ առհասարակ չարժե։ Նա ոչինչ է, ընդամենը իշխանության հերթական բութ գործիքը, մահակը, դամոկլյան սուրը, որը փորձում են կախել ընդդիմադիրների գլխին։