Նիկոլ Փաշինյանը և Ալեն Սիմոնյանը պետք է հասկանան, լինելու են արժանապատիվ քաղաքացիներ, որոնք հիշեցնելու են, թե ովքեր են իրենք

Նիկոլ Փաշինյանը և Ալեն Սիմոնյանը պետք է մի բան հասկանան. կլինի Երևանի կենտրոնում, ՀՀ հեռավոր գյուղերում կամ ՀՀ սահմաններից դուրս, մշտապես լինելու են արժանապատիվ քաղաքացիներ, որոնք հիշեցնելու են, թե ովքեր են իրենք և երկիրն ինչ օրի են հասցրել, իսկ իրենց բոլոր հակազդեցությունները՝ նման դեպքերին պատասխանել բռնություններով, ինչպես երեկ տեղի ունեցավ կամ ինչպես ոչ իրավաչափ կերպով ձերբակալվել է Մհեր Սահակյանը, հակառակ էֆեկտն է ունենալու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Ինչ վերաբերում է Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով ԱԺ դիմելու հնարավոր ծրագրերին, Սաղաթելյանն արձանագրեց, որ ցանկացած սցենարի պատրաստ են, ենթադրում են, որ կարող են այդ ճանապարհով գնալ, քանի որ ՀՀ-ում օրենքը կիրառվում է երկակի:

«Մենք Խորհրդարանում ունեցել ենք, այսպես կոչված, քաղաքական մեծամասնության պատգամավորներ, որոնք ունեցել են խուլիգանական բազմաթիվ դրսևորումներ և իրավապահ համակարգը մատնված է եղել անգործության, այդ թվում, երբ 20-30 հոգով հարձակվել էին պատգամավորի օգնականի վրա, այդ տեսագրություններն էլ այդպես կորել են»,- նշեց Սաղաթելյանը։