Նիկոլ Փաշինյանը Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին շփոթում է զբոսաշրջիկների հետ. Mediahub
Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողի հարցին, որ Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցներին հասցեագրված 1000-ից ավելի նամակներ են փոխանցվել Կառավարությանը, որպեսզի վերջինս միջնորդի, որ դրանք հասնեն հասցեատերերին, ու հիմա հարազատները սպասում են պատասխանի, Նիկոլ Փաշինյանը տվեց այնպիսի պատասխան, որը դուրս է առողջ բանականության սահմաններից։ Փաշինյանը հորդորեց, որպեսզի այդ նամակները ոչ թե հանձնվեն ՀՀ կառավարությանը, այլ ուղարկվեն փոստով։
Նման պատասխանը պարզորոշ ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները «ձեռքները լվացել են» Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներից, ու նրանց ճակատագրերն ամենևին չեն հետաքրքրում ո՛չ Կառավարությանը, ո՛չ էլ անձամբ Նիկոլ Փաշինյանին։
Ու միայն կարելի է հիանալ Նիկոլ Փաշինյանի դերասանական վարպետությամբ, որովհետև միայն հանճարեղ դերասանը կարող էր դեմքին զարմացական այնպիսի արտահայտություն տալ, ինչպիսին Փաշինյանն էր տվել հարցին պատասխանելիս, իբր՝ «ախպե՛ր, փոստ կա, թող փոստով ուղարկեն, Կառավարությունը հո նամակատար աղավնի՞ չի»։
Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանը Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին շփոթում է զբոսաշրջիկների հետ, որոնք ոչ թե պատանդառված են Ադրբեջանում, այլ պարզապես ծանոթանում են այդ երկրի բարքերին։
Դեմքի նման զարմացական արտահայտությամբ նա կարող էր պատասխանել որևէ կնոջ, ում ամուսինը մեկնել է Եգիպտոս՝ հանգստի, ու հիմա նա խնդրում է Կառավարության միջոցով վերջինիս նամակ փոխանցել։
Այդ պատասխանից նաև ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի համար Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները ճիշտ այնպիսի հանցագործներ են, ինչպիսին նրանց համարում է Ալիևը։
Նախ՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոստային կապ գոյություն չունի, ու հայտնի չէ, թե հարազատները այդ որ փոստային ծառայությունից են օգտվելու, ինչպես խորհուրդ է տալիս Փաշինյանը։ Երկրորդ՝ Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցները հայրենի երկրում կալանավորված շարքային հանցագործներ չեն, որպեսզի նրանց հասցեագրված նամակները փոստով տեղ հասնեն։
Եվ վերջապես, թեպետ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, իբր չի հասկանում, թե Կառավարությունն ինչպես պետք է միջնորդի, որպեսզի նամակները տեղ հասնեն, նրան հուշենք, որ դրա համար գոյություն ունեն բանակցություններ, դիվանագիտական խողովակներ, միջպետական հարաբերություններ ու պետության կողմից հստակ ազդակ, որ նա իր հայրենակիցներին չի մոռացել, որ նրանք մշտապես գտնվում են իր հոգացության ներքո։
Ու Նիկոլ Փաշինյանի նմանատիպ պատասխանից հետո կարո՞ղ է լինել գեթ մեկ հոգի, որը կհավատա, թե իբր ՀՀ իշխանությունները մշտապես տարբեր մակարդակների հանդիպումներում բարձրացնում են մեր հայրենակիցների հարցը։ Իհարկե ոչ, որովհետև հաճախ մեկ անզգույշ խոսքը ակամայից մատնում է այն իրականությունը, որը փորձում են թաքցնել ճոռոմ ելույթների ներքո։
Կարեն Կարապետյան