Երևան ավտոմեքենաների մուտքը սահմանափակելը խտրականություն է առաջացնելու մայրաքաղաքում գրանցում ունեցողների և չունեցողների միջև. Mediahub

Երևանի երթևեկությունը բեռնաթափելու շրջանակում նորից ակտիվացել է մարզերից եկող մեքենաների մուտքը սահմանափակելու հարցը։ Քննարկվում են տարբեր մեխանիզմներ, բայց դրանք բոլորը նման են խարխուլ տունը կոսմետիկ վերանորոգման ենթարկելուն, երբ այն արտաքնապես դառնում է գրավիչ, բայց հիմքերը մնում են փտած։

Այն, որ ամեն օր մարզերից մեքենաների մեծ հոսք է լինում մայրաքաղաք, անվիճելի է, սակայն արհեստական խոչընդոտները ոչ թե նպաստելու են հարցի լուծմանը, այլ կրկնակի բարդեցնելու են մարդկանց կյանքը։

Շեշտադրումն անելով երթևեկության ծանրաբեռնվածության վրա՝ բաց է մնում ամենակարևոր հարցը. իսկ ինչո՞ւ են մարդիկ ամեն օր մարզերից մեծ քանակությամբ գալիս Երևան։ Խնդիրը Երևան-մարզեր անհամաչափ զարգացումն է. մարդիկ մարզերում ունեն աշխատանքի խնդիր, հետևաբար ամեն օր Երևան են գալիս ոչ թե ուրախ ժամանակ անցկացնելու, այլ աշխատելու համար։ Վստահաբար կարելի է պնդել, որ եթե մարզերում զբաղվածության հարցը լուծված լիներ, ապա ոչ ոք ամեն օր այդքան ժամանակ չէր ծախսի Երևան գալու, այնուհետև տուն վերադառնալու վրա։ Շատ դեպքերում, մինչև մարդիկ հասնում են տուն, նրանց քնելուց բացի այլ բան չի մնում անելու, որպեսզի հաջորդ օրը նորից մեկնեն Երևան՝ աշխատելու։

Հիմա, երբ սահմանափակվում է այդ մարդկանց մուտքը Երևան, առաջանում է կրկնակի ծախս և ժամանակի կորուստ։ Կշահի՞ դրանից Երևանի բյուջեն. այո՛, կշահի, օգուտ կունենա՞ն մարզերում ապրող մեր հայրենակիցները. դժվար թե։ Հիշենք, որ ոչ վաղ անցյալում շեշտակի թանկացան ավտոկայանատեղիների վճարները, որոնք իբր պետք է նպաստեին երթևեկության թեթևացմանը, բայց իրականում թեթևացրին միայն մարդկանց գրպանները, և ավելացավ Երևանի բյուջեն՝ ուրիշ ոչինչ։

Բացի այդ, հաճախ Երևանի քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաների շուրթերից կարելի է լսել արտահայտություններ, որոնց տրամաբանությունը հետևյալն է. «Երևանը՝ երևանցիներին»։ Ո՛չ, Երևանը միայն երևանցիներինը չէ. Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է, և ոչ մի երևանցի չպետք է արտոնություն ունենա, օրինակ, վանաձորցու նկատմամբ։ Երբ երևանցին գնում է Վանաձոր՝ գործով կամ հանգստանալու, այնտեղ չի հանդիպում խտրական մոտեցման, թե «Վանաձորը միայն վանաձորցիներինն է», և տեղի բնակիչները պետք է առավելություն ունենան մյուսների նկատմամբ։

Այս տրամաբանությունը հիշեցնում է սքինհեդների գաղափարախոսությունը, հետևաբար քաղաքապետարանի պաշտոնյաները լավ կլինի զգույշ լինել իրենց արտահայտություններում։

Բայց վերադառնանք բուն թեմային։ Հայաստանը կարիք ունի ոչ թե կոսմետիկ վերանորոգումների, այլ ֆունդամենտալ լուծումների։ Միայն սահմանափակումներն ու խոչընդոտները մարդկանց մոտ կարող են անարդարության զգացում և մեծ դժգոհություն առաջացնել։ Տպավորություն կարող է ստեղծվել, որ նախ՝ Հայաստանի քաղաքացիները բաժանվում են արտոնություններ ունեցողների և դրանից զրկվածների, և երկրորդ՝ Հայաստանի քաղաքացիներն ունեն միայն պարտավորություններ, բայց ոչ՝ իրավունքներ։

Որպեսզի թեթևանա Երևանի ծանրաբեռնվածությունը, պետք է լուծվի Հայաստանի համաչափ զարգացման խնդիրը։ Իհարկե, այդ պարտավորությունը դրված չէ Երևանի քաղաքապետարանի ուսերին, բայց դա չի նշանակում, որ Երևանի քաղաքապետարանն իր հերթին պետք է առաջնորդվի «моя хата с краю» տրամաբանությամբ և մեքենա վարելու արտոնությունը սահմանի միայն Երևանում գրանցում ունեցողների համար։

Չմոռանանք նաև, որ բազմաթիվ մարդիկ, որոնք ապրում են մարզերում, տուն ունեն նաև Երևանում, և ոչինչ նրանց չի խանգարելու փոխել գրանցումը, եթե նրանց մի մասն արդեն իսկ գրանցված չէ մայրաքաղաքում։ Ստացվում է, որ խտրականություն է առաջանալու նաև հենց մարզերում ապրողների միջև. ով կունենա Երևանի գրանցում, նրա համար միշտ կվառվի կանաչ լույսը, մյուսները կհանդիպեն կարմիրին։

Ուստի, որպեսզի թեթևանա Երևանի ծանրաբեռնվածությունը, պետք է լուծվի մարզերի զարգացման խնդիրը։ Երբ մարդիկ աշխատանք գտնեն իրենց բնակավայրերում կամ դրանց մոտ, ապա Երևան կգան միայն հաճելի ժամանց անցկացնելու, իսկ այդ դեպքում որևէ խցանում չի էլ առաջանա։

Կարեն Կարապետյան