«Բուտկչի» ու «բուտկեքի պաշտպան». կարո՞ղ է նման արտահայտություններ օգտագործող պաշտոնյան ընկալել, որ գործ ունի մարդկանց հետ, որոնք զրկվում են ապրուստի միջոցից. Mediahub

Այն, որ Երևանից աստիճանաբար պետք է մաքրվեն տիպիկ արևելյան շուկային բնորոշ տարրերը, անվիճելի է, սակայն յուրաքանչյուր գործընթաց պետք է կազմակերպվի հնարավորինս անցավ, քանի որ դրանց հետևում մարդիկ են կանգնած։ Պետության «իմաստնությունը» կայանում է նրանում, որ կարողանում է հարցերը լուծել ոչ թե կտրուկ ու կացնային, այլ փոխզիջումային տարբերակներով։ Վերջապես, եկեք չմոռանանք, որ ոչ թե մարդն է պետության ձեռքին գործիք, այլ հակառակը։ Պետության առաջնային գործառույթն է ապահովել մարդու անվտանգությունն ու բարեկեցությունը, և եթե չի կարողանում իրագործել իր այդ երկու հիմնական առաքելությունները, դառնում է բեռ քաղաքացիների ուսերին։ Պետությունը ստեղծված է մարդու կողմից՝ մարդուն ծառայելու համար, ինչը, օրինակ, Ժան-Ժակ Ռուսոն անվանում է «հասարակական դաշինք»։

Սակայն որպեսզի գործընթացներն իրականացվեն փոխզիջումային տարբերակով, շատ կարևոր է նաև այն պաշտոնյայի մտածելակերպը, որը հանդիսանում է դրա իրականացման առաջնային պատասխանատուներից մեկը։

Այս օրերին բուռն իրադարձություններ են ծավալվում Շինարարների փողոցում, որտեղ Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժում է տեղակայված կրպակները։ Եվ ահա, այդ աշխատանքների թիվ մեկ պատասխանատուներից մեկը՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը, այդ կրպակների տերերին անվանում է «բուտկչիներ», իսկ նրանց շահերը պաշտպանող պատգամավորներին՝ «բուտկեքի պաշտպաններ»։ Այս արտահայտությունները պատահական չեն. դրանք վեր են հանում տվյալ պաշտոնյայի արհամարհական վերաբերմունքն այն քաղաքացիների հանդեպ, որոնք, իր պատկերացմամբ, իր համեմատ գտնվում են սոցիալական ավելի ցածր շերտում։

Մի կողմ թողնենք պատգամավորների վարքագիծը. նրանք կարող են և՛ սրտացավորեն պաշտպանել կրպակատերերի շահերը, և՛ ունենալ քաղաքական նպատակներ, սակայն նրանք չեն գործընթացի թիվ մեկ պատասխանատուները, այլ այն մարդը, որի վրա դրված է Շինարարների փողոցի կրպակներն ապամոնտաժելու պարտականությունը։

Երբ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը մարդկանց անվանում է «բուտկչիներ», ապա միանշանակ ունի վիրավորելու, նրանց ստորացնելու, որպես քաղաքացի՝ նրանց արժեքը ստորադասելու միտում։ Սակայն տվյալ պաշտոնյան չի կարողանում ընկալել, որ այդ կրպակներն իրենցից ներկայացնում են փոքր բիզնես. դրանց հետևում կանգնած են ընտանիքներ, որոնք բառացիորեն վաստակում են իրենց հանապազօրյա հացը։ Որևէ մեկը չի կարող Շինարարների փողոցում ունեցած կրպակով հավակնել, որ մի օր իր անունը կգրվի եթե ոչ Forbes ամսագրի, ապա գոնե Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում։ Իսկ այն կրպակները, որոնք ունեն նաև աշխատողներ, ապա կրպակատերերի ընտանիքներին գումարվում են նաև այդ մարդկանց ընտանիքները։ Այլ խոսքով՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն ունակ չէ հասկանալու, որ մարդիկ կանգնած են անաշխատանք մնալու եզրին, և չի կարողանում ըմբռնումով մոտենալ նրանց պայքարին։

Բացի այդ, երբ նրան սխալմամբ, ավելի ճիշտ՝ իներցիայի ուժով անվանում են «թաղապետ», ամենայն հավանականությամբ նա իրոք իրեն թաղապետ է պատկերացնում՝ մոռանալով, որ Երևանում այլևս թաղապետեր գոյություն չունեն, և ինքը ոչ թե ընտրված է համայնքի կողմից, այլ պարզապես վարչական շրջանի նշանակովի ղեկավարն է՝ սովորական միջին կարգի մի չինովնիկ, որը ոչ մի առավելություն չունի այն մարդկանցից, որոնց անվանում է «բուտկչիներ»։

Ինչ վերաբերում է պատգամավորներին «բուտկեքի պաշտպան» անվանելուն, ապա դա նույնպես սխալ է, ինչը մատնանշում է այդ արտահայտության հեղինակի ինտելեկտի չափը։ Անկախ նրանից՝ այդ պատգամավորները հետապնդում են քաղաքական նպատակներ, թե իրոք գործում են անշահախնդրորեն, տեսանելի առումով նրանք պաշտպանում են ոչ թե «բուտկեքին», այլ մարդկանց՝ ՀՀ քաղաքացիներին։

Հավելյալ անգամ հարկ է շեշտել, որ ամենևին չի քննարկվում կրպակների ապամոնտաժման լեգիտիմության հարցը. Երևանն, իհարկե, պետք է բերվի համապատասխան տեսքի։ Բայց արդյո՞ք այդ մարդկանց առաջարկվում է այլընտրանք, արդյո՞ք պետությանը մտահոգում է, թե այդ մարդիկ ինչպես են այսուհետ կերակրելու իրենց ընտանիքները, արդյո՞ք գործում են փոխհատուցման մեխանիզմներ, և արդյո՞ք այդ աշխատանքներն իրականացնող չինովնիկներն ունեն մարդկանց չվիրավորելու ունակություն։Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, որ Երևանի տարբեր վարչական շրջանների այսպես կոչված «թաղապետերը» ցուցաբերում են ագրեսիվ պահվածք։ Կարծում եմ՝ ժամանակն է, որ վարչական շրջանների ղեկավարների հետ Երևանի քաղաքապետարանում անցկացվեն բացատրական լուրջ աշխատանքներ, որպեսզի այդ մարդիկ հասկանան, որ գործ ունեն քաղաքացիների հետ։ Եվ երբ նույնիսկ իրականացնում են ապամոնտաժման աշխատանքներ, որոնք բխում են Երևանի շահերից, ամեն դեպքում հանդիպելու են դիմադրության, որովհետև յուրաքանչյուր մարդ ունի նաև իր անձնական շահերը։

Հետևաբար, պաշտոնյաները պետք է ցուցաբերեն համբերություն, զսպվածություն, և եթե նույնիսկ ենթարկվում են սադրանքների, եթե նույնիսկ վիրավորվում են որոշ արտահայտություններից՝ պետք է լռեն։ Դրանից չեն տուժի նրանց «տղայական» պատկերացումները. հակառակ դեպքում, եթե պետական պաշտոնյան մտնում է լեզվակռվի և «ռազբորկաների» մեջ, դրանից փոխվում է հասարակության ընկալումը ցանկացած պաշտոնի նկատմամբ։

Այստեղ անելիք ունի նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա պետք է վարչական շրջանների ղեկավարներին բացատրի, որ վերջիններս գործ ունեն հասարակության լայն ու տարբեր շերտերի հետ, հետևաբար պետք է ցուցաբերեն մեծագույն զսպվածություն ու չափազանց զգույշ լինեն իրենց արտահայտություններում, քանի որ չմտածված խոսքերը կասկածի տակ են դնում ցանկացած որոշման օրինականություն և խարխլում են Երևանի քաղաքապետարանի՝ որպես ինստիտուտի հեղինակությունը։

Կարեն Կարապետյան