Միայն ապրումակցումից զուրկ իշխանությունը կարող է Ազգային ժողովում ընդունել զոհվածների ծնողներին, իսկ Կառավարությունում «աղ լցնել» նրանց վերքին. Mediahub

Հավանաբար շատերը լսած կլինեն, երբ այս կամ այն մարդուն բնութագրելուց ասում են՝ զուրկ է էմպատիայից։ Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում էմապտիայից զուրկ լինելը։ Դա նշանակում է, որ մարդը չունի այլոց վշտերին ապրումակցելու ունակություն, նրան խորթ են ուրիշների տառապանքներն ու կորուստները։

Եվ ահա, միայն ապրումակցումից զուրկ իշխանությունը կարող է Ազգային ժողովում ընդունել զոհված զինծառայողների ծնողներին, բայց միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում անդրադառնալով սեմպետմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված համերգին, հայտարարի, որ «այս օրն էլ ենք (նկատի ունի օգոստոսի 8-ը) նահատակներ ունեցել, հիմա ի՞նչ, փակե՞նք բոլոր հարսանյաց սրահները, ռեստորաններն ու սրճարանները»։

Նախ՝ յուրաքանչյուր ձևակերպում ցույց է տալիս այն արտաբերողի իրական մտածելակերպը։ Ցանկացած միտք կարելի է մատուցել այնպես, որ այն չցավեցնի դիմացինին։ Ու երբ դու առանձնապես խտրականություն չես դնում բառերի միջև, նշանակում է քեզ համար միևնույնն է, թե դրանք ինչ ազդեցություն կունենան և ում հավելյալ ցավ կպատճառեն։ Դա էլ հենց հերթական անգամ ցույց է տալիս, որ թե՛ ՔՊ իշխանությունը, թե՛ Նիկոլ Փաշինյանը չունեն մարդկանց ապրումակցելու որևէ զգացում։ Ավելին՝ նրանք չունեն նույնիսկ մեղքի գիտակցում, որ այդ վշտերը պատճառվել են իրենց գործունեության արդյունքում:

Երկրորդը՝ երբեք ոչ ոք չի առաջարկել, որ բոլոր օրերը պետք է լինեն սգո և հիշատակի օրեր։ Խոսքն ընդամենն այն մասին էր, որ սեպտեմբերի 27-ին ոչ միայն իշխանություններից որևէ մեկը չգնաց Եռաբլուր, ոչ միայն չեղավ գեթ մեկ ուղերձ, այլև այդ օրը հարկատուների հաշվին սնվող Հանրային հեռուստաընկերությամբ հնչեցվեց Թաթայի համերգը։ Իսկ սեպտեմբերի 27-ը պատերազմի մեկնարկի օրն էր, այն օրը, որը հանդիսացավ շուրջ 5000 զոհերի սկիզբը։

Իսկ այն, որ սահմանվել է հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի օր (հունվարի 27), ապա դա նույնպես խոսում է իշխանության մոտ էմպատիայի բացակայության մասին, քանի որ այդ օրը ոչ ոքի մոտ ոչ մի հույզ, հուշ ու ապրում չի առաջացնում, այն պայմանավորված չէ ոչ մի բանով։

Կարեն Կարապետյան