Նիկոլ Փաշինյանի անունը չի հնչում ԱԺ-ում. վա՞խ, թե՞ պայմանավորվածություն. Mediahub

Թեպետ արդեն շուրջ 8 տարի է, ինչ մեր հասարակությունը հետևողականորեն բաժանվում է սևերի ու սպիտակների, սակայն այժմ ձևավորվել է մի իրավիճակ, երբ թե՛ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը, և թե՛ ընդդիմադիր հայացքներ կրող քաղաքացիներն այս պահին ունեն մի նմանություն։ Երկուսն էլ խաբված են, երկուսն էլ անկախ իրենցից, քաղաքական ուժերի համար հանդիսացել են «հումք»՝ նպատակների ռեալիզացման գործում։ Թեպետ պետք է նշենք, որ համեմատության մեջ Փաշինյանի ընտրազանգվածը շատ ավելի շահեկան վիճակում է գտնվում, քան ընդդիմադիր հատվածը։

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում ու ստացած քվեները ծառայեցնում է իր նեղքաղաքական շահերի համար, այնուամենայնիվ, վիզուալ առումով նա ներկա պահին շատ ավելի ազնիվ է իր քայլերում` ի տարբերություն շատերի։

Օրինակ՝ նա խոստացե՞լ էր խաղաղություն, խոստացել էր, ու թեպետ խաղաղություն դեռևս չկա, բայց պետք է արձանագրենք, որ շարքային քաղաքացու համար կարևորը ոչ թե ստորագրված փաստաթուղթն է, այլ փաստը, որ սահմանային կրակոցներ չեն հնչում։ Խոստացե՞լ էր, որ ընտրություններից հետո դատելու է իր իսկ ձևակերպմամբ «եռագլուխ հրեշներին», խոստացել էր, ու անկախ նրանից, թե հետագայում էլ ով կկանգնի դատարանի առաջ, սակայն Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձություններն ապահովում են խոստման թեկուզ ձևական կողմը։ Իր նախընտրական ծրագրում ներառե՞լ էր Վեհափառին հեռացնելու հարցը, ներառել էր, ու այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը կանգնած է դատարանի առաջ։

Ու թեպետ միանշանակ նրան չեն ընտրել ո՛չ որևէ մեկին ունեզրկելու, ո՛չ էլ Վեհափառին հեռացնելու համար, այնուամենայնիվ, այսօր նա անում է այն, ինչի մասին խոսել է ու ցավալիորեն իր քայլերի համար պատասխանատու է դարձնում նաև հանրության մի հատվածին։

Իսկ ինչի՞ համար էր քվե ստացել ընդդիմությունը, միանշանակ ոչ բարեվարքության, այլ իշխանափոխության։ Իսկ ո՞ւր է ընդդիմության խոսքում իշխանափոխությունը, ավելին՝ շուրջ մեկ ամիս է արդեն, ինչ Ազգային ժողովում ընթանում են նիստերը, բայց Նիկոլ Փաշինյան անուն- ազգանունը հնչում է խիստ հազվադեպ։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն այն միապետն է, որի նազիր-վեզիրներին կարելի է քննադատել, բայց այ միապետի անունը տալը կարող է փլուզել պետությունը։

Եթե շատերը հավատացել էին, որ հունիսի 8-ին մենք ունենալու ենք այլ վարչապետ, ապա ընտրություններից հետո, երբ այնուամենայնիվ, վարչապետը կրկին եղավ Նիկոլ Փաշինյանը, այլևս քիչ մարդիկ կային, որոնք հավատում էին, որ վերջինիս հեռացնելը արագ գործընթաց է լինելու։ Բնականաբար նման մոտեցումը քաղաքական չէ, իշխանափոխություն արագ անում են միայն այն ժամանակ, երբ կա հանրային այնպիսի մեծ ճնշում, որին դիմակայելն իշխանության կողմից անհնարին է լինում։ Նման ճնշումը չի ձևավորվում ինքնաբուխ, սակայն մինչ այդպիսի մթնոլորտի առաջացումը, անհրաժեշտ է քաղաքական լուրջ աշխատանք։ Ի դեպ, սահմանադրորեն մարդիկ իրավուն ունենք իշխանափոխություն իրականացնել թե՛ ընտրությունների ու թե՛ փողոցային պայքարի արդյունքում, սակայն դրանց պատասխանատուները քաղաքական ուժերն են, հետևաբար ձախողման պատասխանատուներն էլ պետք է լինեն հենց այդ ուժերը։

Բայց ինչևէ, վերադառնանք ընդդիմության խոսույթին, որից կարծես իսպառ բացակայում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի անունը, այլև չկա նույնիսկ ակնարկ իրենց նախընտրական խոստման՝ իշխանափոխության մասին։

Երեկ «Ուժեղ Հայաստանի»-ի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը խոսում էր բարեվարքությունից ու նորմալ աշխատանքային հարաբերություններից, այսօր «Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Գալստյանը, որը հավակնում է ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնին, չբացառեց Աննա Հակոբյանի հետ համագործակցությունը։

Եկեք ազնիվ լինենք, եթե ընդդիմադիր ուժերը նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսեին Ազգային ժողովում նորմալ ախատանքային հարաբերություններ ձևավորելուց կամ համագործակցելուց այս կամ այն հարցի շուրջ, կստանայի՞ն այն քվեները, որոնց շնորհիվ մուտք են գործել խորհրդարան։ Իրենց ընտրազանգվածը, եթե նախընտրական ժամանակաշրջանում ակնկալում էր ընտությունների միջոցով իշխանափոխություն, այսօր ակնկալում են տեսնելու այն նախադրյալները, որոնք հող են նախապատրաստելու այդ իշխանափոխության համար, եթե ընդհանրապես այսօր որևէ մեկը, որևէ բան ակնկալում է նրանցից։

Բացի այդ, ընդդիմությունն ինքն իրեն զրկում է հետագայում քննադատելու բոլոր նրանց, ովքեր տարբեր պատճառներով կսկսեն աշխատանքային հարաբերություններ հաստատել կամ համագործակցել իշխանության հետ։ Այդ որտե՞ղ է գրված, որ «Ուժեղ Հայաստանն» իրավունք ունի բարեվարքորեն աշխատել ՔՊ-ի հետ, «Հայաստան» դաշինքը կարող է համագործակցել Աննա Հակոբյանի հետ, իսկ մյուսները չեն կարող։

Եթե իշխանությունը փլուզում է բոլոր կարմիր գծերը` կապված մեր ազգային արժեքների հետ, խորհրդարանական ընդդիմությունը հատում է գծերը՝ իշխանությունների հետ համագործակցության առումով։

Կարեն Կարապետյան