Ինչո՞ւ են մարդիկ Հայաստանում նյարդային, անհանգիստ ու «դժբախտ». ո՞վ է ամենօրա ռեժիմով ձևավորում տոքսիկ մթնոլորտ. Mediahub
Հին հույն փիլիսոփա ու օրենսդիր Սոլոնն ասում էր. «Միայն այն օրենքները կարող են արդյունավետ լինել, որոնք համապատասխանում են տվյալ հասարակության մենթալիտետին»։ Սոլոնի մոտեցման լավագույն ինդիկատորը կարող է լինել այն իրավիճակը, որն այսօր առկա է Հայաստանում։ Բարեկեցիկ, հաջողակ ու երջանիկ հասարակություն ունենալու համար միայն օրենսդրական փոփոխությունները բավարար չեն, կարևոր է նաև այն բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը, որի ազդակներն առաջին հերթին պետք է գան իշխանություններից։
Սովորաբար ասում են՝ խոսքը ուժ ունի ու դա ամենևին պատահաբար ասված արտահայտություն չէ։ Իրականում իրոք խոսքի միջոցով կարող է ձևավորվել թե՛ բացասական, թե՛ դրական էներգետիկա։ Խոսքի միջոցով մարդուն կարելի է դրդել այս կամ այն քայլին, փոխել նրա մտածելակերպը, ներշնչել երջանկության կամ դժբախտության զգացում, հավատ ստեղծել սեփական ուժերի նկատմամբ, կամ հուսալքել ու հրել դեպի նիհիլիզմ։ Իզուր չէ ժամանակին Գորկին ասել. «Մարդուն անդադար ասեք, որ նա խոզ է ու նա կսկսի խոզի պես խռնչալ»։
Ի՞նչ էներգետիկ դաշտ ու ինչպիսի՞ մթնոլորտ է այսօր ձևավորում Նիկոլ Փաշինյանը, ի՞նչ ուղերձներ է փոխանցում մարդկանց։ Հետևեք Նիկոլ Փաշինյանի խոսքին, հարցազրույցներին, ասուլիսներին, ճեպազրույցներին ու լայվերին՝ թեկուզ ոչ ամենօրյա ռեժիմով ու դուք կդառնաք նյարդային, անհանդուրժող, կհիասթափվեք շրջապատից ու մասամբ նաև ինքներդ ձեզնից, թշնամաբար կտրամադրվեք ամենքին ու ձեզ կպատի հուսահատությունը։
Չկա նրա խոսքում որևէ բարություն, որևէ հանդուրժողականություն, որևէ դրական լիցք։ Չկա հասարակությանը հաշտեցնելու միտում, առաքինությունները վեր հանելու ցանկություն։ Նիկոլ Փաշինյանի ողջ խոսքն ու գործը կառուցված է հանրության մոտ առկա նեգատիվը վեր հանելու ու զարգացնելու վրա։
«Ծեփելու եմ պատերին», «փռելու եմ ասֆալտին», «կզցնելու եմ», «մտցնելու եմ համապատասխան տեղը», «բոլորը նստելու են», «ոչնչացնելու ենք», «ինչո՞ւ ես ողջ»….սրանք այն արտահայտությունների մի փոքր մասն է, որը կազմում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական բառապաշարը։ Եթե այդ ամենին գումարում ենք գործնական քայլերը, քաղաքական հալածանքները, նույնիսկ քաղաքական ձերբակալությունների ժամանակ մարդու արժանապատվությունը ստորացնելու կադրերը, անմեղության կանխավարկածի իսպառ արհամարանքը…ապա ձևավորվում է այնպիսի տոքսիկ մթնոլորտ, որում մարդը պարզապես շնչահեղձ է լինում, եթե նույնիսկ ընդհանրապես կապ չունի տեղի ունեցածի հետ։
Օրինակ՝ չի կարող մարդը որևէ հիմնարկում իր աշխատանքից հաճույք ստանալ ու ստեղծագործել, երբ այդտեղ բոլորը վիճում են բոլորը հետ, մեկը բամբասում է մյուսից, մեկ ուրիշը փորձում է «փորել» իր կողքի նստողի տակը, իսկ հիմնարկի ղեկավարը «յուղ է լցնում կրակի վրա»։ Նման միջավայրում կորում է աշխատանքային մթնոլորտը, տուժում է աշխատանքի արդյունավետությունը, աշխատանքի գալը վերածվում է տհաճ պարտականության ու որքան էլ որևէ մեկը փորձի իրեն հեռու պահել ընդհանուրից, միևնույնն է կողքինի բղավոցը, եթե նույնիսկ հասցեատերը նստած լինի մեկ այլ հարկում, անմիջականորեն ազդելու է և իր վրա։
Եթե ընտանիքի հայրը մշտապես ծեծի ենթարկի իր կնոջը, ապա որքան էլ հոգատարություն փորձի ցուցաբերել երեխաների նկատմամբ, միևնույնն է այդ բռնության դրսևորումներն ուղղակի իրենց հետևանքներն են թողնելու երեխաների հոգեբանության վրա։
Իսկ պետությունը ընտանիքի, հիմնարկի ավելի հավաքական մոդելն է, հետևաբար եթե նույնիսկ որևէ մեկը հաջողակ լինի իր աշխատանքում, միևնույնն է խեղդվելու է ամենօրա ռեժիմով սնուցվող տոքսիկ մթնոլորտում ու լինելու է դժբախտ, փորձելով երջանկություն ու հանգիստ պայմաններ փնտրել իր երկրից դուրս։
Կարեն Կարապետյան