Մի՛ ծեծեք ոչ ոքի, գուցե մի օր նա դառնա վարչապետ. ինչո՞ւ է պատժվում Ծառուկյանը

Երբ Ֆրանկլին Ռուզվելտն ընտրվում է ԱՄՆ նախագահ, անմիջապես պետական համակարգի տարբեր օղակներից ահագին թվով մարդիկ են սկսում աշխատանքից ազատվել, որոնք թվում է ոչ մի կապ չպետք է ունենային ԱՄՆ նախագահի հետ։ Երկար ժամանակ ոչ ոք չի կարողանում հասկանալ այդ մարդկանց աշխատանքից հեռացվելու պատճառները, միայն որոշ ժամանակ անց է պարզվում, որ իր աշխատանքային կարիերայի ընթացքում ում հետ Ռուզվելտն ընդհարումներ է ունեցել, այդ մասին չի մոռացել և նախագահ ընտրվելուց հետո սկսել է «զբաղվել» այդ մարդկանցով։

Կա՞ նմանություն Ֆրանկլին Ռուզվելտի ու Նիկոլ Փաշինյանի միջև։ Թերևս միայն այս դրվագով։

Շատերը զարմանում են այն իրադարձություններից, որոնք այսօր տեղի են ունենում Գագիկ Ծառուկյանի շուրջ, որովհետև ողջ քարոզարշավի ընթացքում Ծառուկյանը բավականին զուսպ էր իր խոսքում, չէր անում ոչ մի վիրավորական արտահայտություն ոչ ոքի հասցեին, բացառությամբ «որձ առյուծի» վանդակը մտնելու ակնարկի, այն էլ դա ընդամենը պատասխանն էր իր «գործակալ» լինելուն։

Մինչդեռ իշխանական բռնաճնշումներն առաջին հերթին «պայթեցին» հենց նրա գլխին, այն էլ այսպիսի աննախադեպ ծավալով։ Դատելով ընթացքից տպավորություն է, որ իշխանությունները նպատակադրվել են ոչ միայն նրան պահել բանտում, այլև ունեզրկել անմնացորդ, ներառյալ տունը, տան կահույքն ու նրա խնամքի տակ գտնվող կենդանիները։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ օրինակ Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի կոշտ գնահատականներ էին հնչեցնում Փաշինյանի հասցեին, ուստի եթե վերջինս, դառնալով վարչապետ, պետք է ընտրեր իր քաղաքական հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու ճանապարհը, ապա հաշվի առնելով Ծառուկյանի զուսպ պահվածքը, նա «հերթում» պետք է լիներ վերջինը, բայց եղավ առաջինը։ Միամտություն է կարծելը, որ մյուսների վրա իրավապահ մարմինները չկարողացան գործ գտնել, իսկ Ծառուկյանը «քայլող քրեական հոդված էր»։ Ինչպես ստալինյան ժամանակներում էր ասվում. «Գտեք մարդուն, ու քրեական գործը կգտնվի»։

Հետևաբար ինչո՞ւ առաջինը եղավ Գագիկ Ծառուկյանը, ու ինչո՞ւ այսպիսի ծավալով, ու ի՞նչ նմանություն ունի այս դրվագը Ֆրանկլին Ռուզվելտի հետ։

Շատերն այս իրադարձությունները կապում են Գագիկ Ծառուկյանի առաջադրման հետ, այնինչ արմատները պետք է փնտրել շատ ավելի հեռուներում։ Առաջադրումը կարող է լինել առիթը, բայց ոչ պատճառը։

Ըստ լուրերի շուրջ 26 տարի առաջ Գագիկ Ծառուկյանն իր թիկնապահների հետ ներխուժել էր «Հայկական ժամանակ» օրաթերթի տարածք, վնասել ողջ գույքն ու անձամբ ծեծի ենթարկել Նիկոլ Փաշինյանին։ Ու թեպետ Գագիկ Ծառուկյանը վերականգնել էր օրաթերթին պատճառած վնասները, սակայն հասցված վիրավորանքը վերականգնել չէր կարող, դա վեր է մարդկային ուժերից, երբ դիմացինը անզորությունից դրդված սոսկ լռում է, բայց չի մոռանում։ Իհարկե, մնացյալ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն անզոր էր որևէ վնաս հասցնել Գագիկ Ծառուկյանին, անզոր էր վրեժ լուծելու ու այլ բան չէր մնում, քան մեծահոգության դիմակի տակ թաքնվելը։ Դրա համար պետք էր սպասել համապատասխան առիթի, որ կարող էր և չներկայանալ, սակայն Փաշինյանի համար այդ առիթը ներկայացավ, նա դարձավ ՀՀ վարչապետ իր ողջ լծակներով հանդերձ, ու թեպետ 2018 թվականին Գագիկ Ծառուկյանը նույնպես որոշակի օգնեց Փաշինյանին, որպեսզի վերջինս դառնա ՀՀ վարչապետ, բայց դա նորից նման էր «գույքը վերականգնելուն»։ Նա դարձավ վարչապետ, բայց նախկին վիրավորանքը չէր մոռացել։

Ծառուկյանին պատժելու առաջին փորձը Փաշինյանն արեց իր վարչապետ դառնալուց կարճ ժամանակ անց, բայց գործը ավարտին հասցնելուն խանգարեց պատերազմը, իսկ դրանից հետո նա չուներ Ծառուկյանով զբաղվելու ո՛չ արտաքին աջակցություն, ո՛չ էլ ներքին վստահություն, որովհետև «խառը ժամանակներ էին»։ Իսկ այսօր, ունենալով թե՛ մեկը, թե՛ մյուսը, ստանալով ժողովրդի «մանդատը», Փաշինյանն անցավ հին վիրավորանքներին «պատասխանելուն»։

Ահա սա է Նիկոլ Փաշինյանը, փոքրոգի ու նեղմիտ, հիշաչար ու վրիժառու։ Ընդհանրապես շատերը զարմանում են` ինչո՞ւ է ՔՊ-ն առհասարակ այսքան ագրեսիվ իր խոսքում ու պահվածքում, սակայն զարմանալ պետք չէ։ Երբ իշխանության են գալիս նախկինում միջակությունները, ոչնչով աչքի չընկածներն ու հաջողություն չգրանցածները, մերժվածներն ու երբեմն ծեծ կերածները, ապա նման իշխանությունը վերածվում է հրեշի։

Հ․Գ․Հարգելի քաղաքացիներ, մի՛ ծեծեք ոչ ոքի, դա ոչ միայն քրեորեն պատժելի արարք է, այլև վտանգավոր ապագայի համար։ Չկա որևէ երաշխիք, որ ծեծվածը մի օր չի դառնա ՀՀ վարչապետ։