Ընդդիմությունը նախքան խորհրդարանում քարը քարին չթողնելը ստիպված է լինելու երդվել ՔՊ-ական տեքստով. Mediahub
Ընդդիմությանը սպասվում է նոր փորձություն, որը նրանք թերևս չէին կարող նախատեսած լինել։ Ազգային ժողովը վերջին արտահերթ նիստում փոխեց այն տեքստը, որով նախկինում երդվում էին նորընտիր պատգամավորները։ Նորն ամբողջովին բխում է ՔՊ «գաղափարախոսությունից», օրինակ «Համազգային նպատակների» և «հայրենիքի հզորացման» մասին ձևակերպումները հանված են, այսինքն չկան ո՛չ համազգային նպատակներ, ո՛չ էլ հայրենիքի ընկալում։ Ավելին՝ երդման տեքստում տառացիորեն ներառված է «փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը» նախադասությունը, որով Նիկոլ Փաշինյանն ավարտում է իր բոլոր ելույթները։
Բացառվում է, որ այս տեքստը նախապես համաձայնեցրած չլինեն Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ շատ ավելի հավանական է, որ ուղղակի գրված լինի նրա կողմից, իսկ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը պարզապես որպես նախաձեռնություն ընթերցի Ազգային ժողովում։
Ըստ այդմ՝ ընդդիմադիր այն անձինք, որոնք վերցնելու են մանդատը, պարտավորված են լինելու կարդալ ՔՊ քաղաքական գծին մոտեցմանը համահունչ տեքստը, վերջում էլ Նիկոլ Փաշինյանի պես գոռան. «փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։ Չի բացառվում, որ գտնվեն որոշ ընդդիմադիրներ, որոնք վերջին նախադասության ժամանակ փորձեն նաև ձայնն ու դեմքի միմիկաները նմանեցնել Փաշինյանին։ Նախորդ գումարման խորհրդարանում էլ կարծում էին, թե բոլորը սկզբունքային են ու հաստատակամ իրենց քաղաքական մոտեցումներում, սակայն ընթացքում պարզվեց, որ կային մարդիկ, որոնք այդքան էլ «ընդդիմադիր» չէին, որքան իրենց էր թվում։ Սակայն, թե ով ինչ առոգանությամբ կերդվի, դա թողնենք յուրաքանչյուրի որոշմանն ու կանխատեսումներով չզբաղվենք, այլ ընդամենն արձանագրենք չոր փաստը, որ «բողոքել կարող եք, դժգոհել կարող եք, բայց ՔՊ-ական տեքստով երդվել պարտավոր եք»։
Իհարկե, որևէ վատ բան չկա նրանում, որ մարդը բացականչում է «փա՛ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը», բայց ամբողջ խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանի այս ձևակերպումն ամբողջովին հետապնդում է կոնկրետ քաղաքական նպատակ՝ արմատներում ժխտելով ազգային նպատակները, արժեքներն ու պատմական հիշողությունը, միաժամանակ ուրանալով հայրենիքի գիտակցումն ու Արցախը՝ որպես մեր հայրենիքի մաս։
Հիմա ընդդիմությունը պետք է որոշի, ինքը պատրա՞ստ է այդ տեքստով երդվել, թե՝ ոչ։ Իհարկե, կարող են մեկնաբանել, որ այդպես օրենքն է պահանջում, հետևաբար եթե նկատակ ունես ստեղծել իրավական պետություն, ապա չպետք է շրջանցես գործող օրենքները, նույնիսկ եթե դրանք վատն են։ Կարող են մեկնաբանել, որ նոր տեքստում խնդրահարույց ոչինչ չկա, ու իրենք չեն հիշում, որ Նիկոլ Փաշինյանն իր բոլոր ելույթներն ունենա նույն ոգով ու տառացիորեն ավարտի նույն նախադասությամբ։
Իհարկե կարող են, բայց այդպես կարող են մեկնաբանել ամեն ինչ։
Կարող են մեկնաբանել, որ թեպետ իրենք համաձայն չեն Սահմանադրական դատարանի կամ որևէ այլ ատյանի դատարանի որոշմանը, սակայն պարտավոր են ենթարկվել, հարգելով այդ ինստիտուտը (ի դեպ, անկարողությունից բխող ձևակերպում, կարող էի…բայց հարգեցի ինստիտուտը)։ Կարող են մեկնաբանել, որ այնուամենայնիվ Արարատ լեռը գտնվում է Թուրքիայում, իսկ Նիկոլ Փաշինյանը երբեք չի արգելել նայել նրան, այլ ընդամենը ցանկացել է արժևորել Արագածը։
Կարող են մեկնաբանել, որ իրականում Նիկոլ Փաշինյանը չի հարձակվում Հայ Առաքելական Եկեղեցու վրա, այլ «բարեկամաբար» խորհուրդ է տալիս Վեհափառին գնալ հանգստի։
Ամեն ինչ կարելի է մեկնաբանել այնպես, ինչպես թելադրում է տվյալ պահի քաղաքական շահը ու խիղճը «հանգիստ» լծվել խորհրդարանական գործունեության։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու գլխավոր խոստմանը, զինչպես կասեր մեր հայրենակիցը. «Դե չի չլնի, չի չլնի»։ Փոխարենն անպայման 5 տարվա ընթացքում կլինեն առիթներ, որ վերջում ասեն, որ այս ու այս բաները եղան, իսկ այս ու այս բաները չեղան մեր շնորհիվ։ Դե իսկ նոր ընտրությունները կլինեն նոր խոստումներով, նոր հռետորաբանությամբ ու նոր շեշտադրումներով։ Ընթացքում էլ անպայման գալու է այն օրը, որ Նիկոլ Փաշինյանն իրոք կհեռանա, եթե նույնիսկ նրան «ազգովի խնդրենք»՝ չանել այդ բանը։
Բայց ինչպես ժողովրդական ասացվածում է ասվում. «Ախորժակն ուտելիս է բացվում», այդպես էլ մենք գրելուց մի փոքր տաքացանք ու սարքեցինք «Կիկոսի մահը», թե ինչ կանի ընդդիմությունը, ինչն ինչպես կմեկնաբանի ու ով ինչպես կգործի։ Բայց եթե նույնիսկ վերը նշվածները տեղի չունենան, իսկ ես իրոք հույս ունեմ, որ տեղի չեն ունենա, ու եթե նույնիսկ ընդդիմությունը որոշի հուժկու մտնել խորհրդարան ու քարը քարին չթողնել, Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին գամեն անարգանքի սյունին, այնուամենայնիվ, առաջին օրը ստիպված են լինելու երդվել ՔՊ-ական տեքստով, իսկ 21-րդ դարում սովորաբար տեքստերը նմանվում են միջնադարյան արքայական սրերին, որոնց տակով անցնում են վասալները։
Կարեն Կարապետյան