«Նախընտրական խաղաղությունից» թևակոխելու ենք «հետընտրական խաղաղություն», բայց իրական խաղաղություն մոտ ապագայում չենք տեսնի. Mediahub

Միամտություն է Սահմանադրական հնարավոր փոփոխությունները կապել «խաղաղության պայմանագրի» հետ։ Իհարկե այդ փոփոխություններն Ադրբեջանի առաջնային պայմաններից մեկն է, սակայն եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանն այն կյանքի կոչի, միևնույնն է դա չի հանգեցնելու «խաղաղության պայմանագրի» վերջնական կնքմանը։ Պատճառը շատ պարզ է՝ Ադրբեջանն իրականում չունի նման ցանկություն, նրա յուրաքանչյուր պահանջին հաջորդելու է ուրիշը ու ամեն անգամ դա դիտարկվելու է որպես «խաղաղության պայմանագրի» կնքման «վերջնական» պայման։

Այս պահին նույնիսկ կա նման պահանջների «հերթագրում»։ Սահմանադրական փոփոխություններին հաջորդելու է «անկլավների» վերադարձը, այնուհետ «ադրբեջանցիների վերադարձը», իսկ հետո…հետո կյանքը ցույց կտա։ Հակառակ դեպքում ընտրություններն արդեն անցյալում են ու դեռևս Ադրբեջանի կողմից չկա որևէ ազդակ, որ արդեն Ալիևը պատրաստ է ստորագրելու «խաղաղության պայմանագիրը»։ Իսկ ինչո՞ւ պետք է այդ ձգտումը լինի, եթե նրա բոլոր պահանջները կատարվում են հերթականությամբ, հետևաբար Ալիևը չի ցանկանա իրեն սահմանափակել ստորագրված պայմանագրերով։ Որքան էլ մենք ասենք, որ չկա որևէ փաստաթուղթ, որը երբևէ հնարավոր չէ չեղարկել, սակայն շատ ավելի հեշտ է այն ընդհանրապես չստորագրել, քան հետո պատրվակներ գտնել չեղարկելու համար։

Ալիևի համար ոչ հուսալի է նաև այն մոտեցումը, որ պահանջները կարող են կատարվել նաև «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո։ Միջազգայնորեն ստորագրված փաստաթուղթը, ըստ Բաքվի տրամաբանության, մի կողմից կարող է կաշկանդել Ալիևին, մյուս կողմից Փաշինյանին մանևրելու հնարավորություն տալ, քանի որ կիսով չափ բթացած կլինի Դամոկլյան սրի այն սուր սայրը, որը նա կախել է վերջինիս գլխին։

Այդ է պատճառը, որ նախքան վերջնական խաղաղության հաստատումը, Ալիևը ձգտում է իր բոլոր պահանջների ամբողջական կատարումը, իսկ դրանից հետո իրոք խաղաղություն կհաստատվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև, քանի որ ըստ էության նույնիսկ պատերազմելու իմաստ էլ չի լինի, ինչպես այն չկա իր տիրապետության տակ անցած Արցախում։

Իսկ Ալիևի պահանջները գտնվում են ոչ միայն խոսույթի շրջանակում, ինչպես փորձում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանը, այլև այդ ուղղությամբ արվում են գործուն քայլեր։

Ըստ տեղեկությունների՝ Ալիևը ՄԱԿ անդամ բոլոր պետություններին փոխանցել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» դիմումները, որում Հայաստանին մեղադրում են էթնիկ զտումներ իրականացնելու և իսլամանակ մշակության արժեքները ցեղասպանության ենթարկելու մեջ։ Սա անհամատեղելի է խաղաղության ձգտման հետ, քանի որ նման մոտեցումը թշնամական ակտ է այն երկրի դեմ, ում նման մեղադրանքներ է ներկայացվում։

Իհարկե ասածից չի ենթադրվում, որ այս պահին Ալիևը պատրաստվում է պատերազմի։ «Նախընտրական խաղաղությունը» կարող է ունենալ նաև «հետընտրական» բնույթ, շանտաժը կարող է շարունակվել այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանը հաջողեցնի ոչ միայն իր քաղաքացիներին բնակեցնել Հայաստանում, այլև սահմանազատման ու սահմանագծման պրոցեսի շրջանակներում Հայաստանից կորզել էլ ավելի մեծ տարածքներ, օրինակ Տիգրանաշենը, որը նրան հնարավորություն է տալու հսկողություն սահմանել Հայաստանի ճանապարհների վրա նաև այդ հատվածում, ինչպես արել է Տավուշի մարզում։

Ըստ այդմ, էլի եմ շեշտում, մենք «նախընտրական խաղաղությունից» թևակոխելու ենք «հետընտրական խաղաղություն», սակայն իրական խաղաղություն, համենայն դեպս մոտ ապագայում, տեսնի։

Կարեն Կարապետյան