Փաշինյանը սպառնաց իր թիկնապահներին, որ եթե մեկը իր ներկայությամբ ըմբոստանա ու չպատժվի՝ կպատժվեն իրենք. Mediahub
Մի բանում Նիկոլ Փաշինյանն իրոք «հանճարեղ» է, գրեթե անմրցելի, դա մանիպուլյացիան է, ինչին նա անշուշտ լավ է տիրապետում։ Իր այդ «շնորհը» ակնառու դարձավ նաև այսօր, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, երբ անդրադարձավ Սուրբ Աննա Եկեղեցում տեղի ունեցած միջադեպին։ Մեկ նախադասությամբ նա և՛ «ճշմարտացի» դուրս եկավ, և՛ հերթական անգամ հրահանգ իջեցրեց ուժային մարմիններին բիրտ ուժ կիրառելու։
Եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված լրագրողի հարցին Նիկոլ Փաշինյանը նախ պատասխանեց, որ ՊՊԾ աշխատողները կախված իրավիճակից իրավունք ունեն թե՛ ուժ կիրառելու, թե՛ հարվածելու և թե՛ զենք գործածելու, որպեսզի պաշտպանեն իրենց պահպանյալին։ Այնուհետև ներկայացրեց տվյալ ուժային կառույցի պարտականությունները։
Իհարկե, երբ մասնավոր դեպքը ներկայացնում ես ընդհանրական համատեքստում, միանշանակ կարող ես ճիշտ դուրս գալ, քանի որ անտրամաբանական կլինի, որ դիցուք, հարձակում լինի պետության ղեկավարի վրա և ՊՊԾ աշխատողները հարձակումը փորձեն կանխել, օրինակ, խնդրելով, հորդորելով, սաստելով կամ ամոթանք տալով։ Բնականաբար նման իրավիճակում թիկնազորն իրավունք ունի ընդհուպ գնդակահարել հարձակվողին։ Սակայն Սուրբ Աննա Եկեղեցում միանշանակ այն իրավիճակը չէր, որ անհրաժեշտ լիներ հարվածել Դավիթ Մինասյանին։ Կադրերից ակնհայտ երևում է, որ Նիկոլ Փաշինյանի թիկնապահը հարվածում է երիտասարդին առանց որևէ անհրաժեշտության, այլ խոսքով, այդ հարվածը կրում էր ոչ թե «հարձակումը» կանխելու, այլ պատժիչ բնույթ, իսկ ՊՊԾ աշխատողներն ու առհասարակ ոչ մի ուժային կառույց չունի մարդկանց պատժելու լիազորություն, եթե նույնիսկ քաղաքացին հանցանք է կատարել։
Հավելյալ անգամ շեշտենք, որ եթե նույնիսկ Դավիթ Մինասյանը ցանկանում էր ապտակել Նիկոլ Փաշինյանին, թիկնապահը նրան արմունկով հարվածեց այն ժամանակ, երբ «վտանգն» արդեն չեզոքացված էր։
Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ողջունելով իր թիկնապահների գործողությունները, դրանով հերթական կանաչ լույսը վառեց անհարկի բիրտ ուժ կիրառելու և իր ներկայությամբ ըմբոստներին հարվածելու, այլ խոսքով պատժելու համար։
«Կախված իրավիճակ»-ից արտահայտությունը շատ բազմիմաստ է, քանի որ ամբողջովին մնում է Նիկոլ Փաշինյանի թիկնապահների սուբյեկտիվ ընկալման վրա։ Օրինակ՝ բղավոցը կարող է դիտարկվել որպես սպառնալիք, իսկ թարս նայելը՝ հարձակման նախապատրաստում։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանն ուղիղ խոսքով սպառնաց իր թիկնապահներին, որ եթե որևէ մեկը իր ներկայությամբ ըմբոստության նշաններ ցույց տա ու չպատժվի, ապա կպատժվեն իրենք։
Կարեն Կարապետյան