Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը մեծացնում է նոր պատերազմի հավանականությունը
Ակնհայտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և կրկին սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։ Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որը ծավալուն հոդված է հրապարակել «Project Syndicate»-ի կայքէջում՝ խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և տարածաշրջանում առաջիկա զարգացումների մասին։
«Քանի որ Ռուսաստանը չի կարող կամ չի ցանկանում օգնել, Եվրամիությունը պետք է ավելի կարևոր դեր ստանձնի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման գործում»,- նշել է Ռասմուսենը։
Ըստ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը կրկին աճում է, ինչը մեծացնում է նոր պատերազմի հավանականությունը։
«Անցյալ շաբաթ ես այցելեցի Լաչինի միջանցք ՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերից բնապահպանական բողոքի պատրվակով ադրբեջանցիները արգելափակել են միջանցքը։ Այդ գործընթացը տեղի է ունենում Բաքվի ռեժիմի բացահայտ աջակցությամբ»,- ասել է Ռասմուսենը։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմին վերջ դրած հրադադարի հայտարարությամբ՝ Ադրբեջանը պարտավորվել է ապահովել ազատ տեղաշարժը ճանապարհով:
«Եթե Եվրոպան և ողջ միջազգային հանրությունը ճնշում չգործադրեն Ադրբեջանի վրա շրջափակումը վերացնելու համար, ներկայիս հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել հումանիտար աղետի»,-ընդգծել է Ռասմուսենը։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի կարծիքով՝ Ադրբեջանն օգտագործում է շրջափակումը և այլ միջոցներ ՝ Լեռնային Ղարաբաղը «խեղդելու» համար։
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի խոսքով՝ իր հերթին, ադրբեջանական ռեժիմը (և նրա առցանց թրոլները) շարունակում են նսեմացնել շրջափակման կամ նույնիսկ դրա գոյության հետևանքները:
Ռասմուսենն առաջնային խնդիր է համարում Լաչինի միջանցք ՄԱԿ-ի կամ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության հովանու ներքո փաստահավաք առաքելություն ուղարկելը․ «Ադրբեջանը նաև հրաժարվում է միջազգային դիտորդներին հնարավորություն ընձեռել իրավիճակը գնահատելու համար։