Մի շարք դպրոցներում ֆրանսերենի դասագրքերը չեն բաժանվում աշակերտներին. ծնողները ստիպված գնում են կամ էջ առ էջ տպում. բաց նամակ
«Հանուն պետականաշինության» ՀԿ նախագահ Մեսրոպ Հովհաննսյանը բաց նամակ է հղել ԿԳՄՍ նախարարությանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, տեղյա՞կ եք, որ մի շարք դպրոցներում ֆրանսերենի դասագրքերը չեն բաժանվում աշակերտներին։ Արդյունքում ծնողները սեփական միջոցներով գնում են այդ դասագրքերը տարբեր գրախանութներից կամ էջ առ էջ գտնում ու տպում։ Սա անթույլատրելի է․ եթե կրթական համակարգը պետական ֆինանսավորում ունի, նախարարությունը պարտավոր է ապահովել դասագրքերի հասանելիությունը։
Հարցս պարզ է․ ո՞ւմ մոտ է պակասը։ Նախարարությունում չկա՞ համապատասխան բաժին, որը շրջայցերով և կապերով պարզում է, թե որ դպրոցում ինչի պակաս կա, ինչու չկա և ինչ լուծում է պահանջվում, որպեսզի նման հետևանքներ չլինեն։ Տպագրատների հետ ժամանակին կապ հաստատելը և մատակարարումները կազմակերպելը ձեր անմիջական պարտականությունն է։ Դպրոցը մեղավոր չէ՝ դա միանշանակ է։
Պարզա ասելու եք «եթե դպրոցը չունի՝ …» ու մի շարք պատճառաբանությունների լեկցիա կարդաք։ Դրանք ընդամենը փորձեր են ձեր թերի աշխատանքը կոծկելու։ Դասերի մեկնարկից առաջ այս հարցերը պետք է արդեն լուծված լինեին։ Ժամանակ գտնվեց այբենարաններում Մեսրոպ Մաշտոցի լուսանկարը չտեղադրելու կամ 9-րդ դասարանի «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությամբ» վերափոխելու և այն ձեզ հարմար ձևով տպագրելու համար (դրան առանձին կանդրադառնամ մանրամասն)։ Ուրեմն ժամանակ պետք է գտնվեր նաև բոլոր առանցքային հարցերը լուծելու համար։
Ոչ մի ծնող պարտավոր չէ սեփական գրպանից վճարել դասագիրք գնել։ Հակառակ դեպքում հորդորում եմ բոլոր ծնողներին չգնել և պահանջել երեխաների հասանելիքը պետությունից։
Ձեր դիլետանտության հետևանքով տուժում են ուսուցիչ–ծնող փոխհարաբերությունները․ ուսուցիչը պահանջում է, ծնողը՝ գուցե այսօր պարզապես չի կարողանում վճարել, արդյունքում տուժվում է երեխան՝ առարկան չիրացնելով։ Այստեղ մեղավորներ փնտրելու բան չկա, կա՝ պարտադիր լուծում։
Հարգելի ծնողներ և դպրոցների տնօրեններ, պահանջեք երեխաների օրենքով սահմանված հասանելիքը , համապատասխան գերատեսչությունից։ Մի բավարարվեք պատճառաբանություններ լսելով, որոնք ձեզ «կերակրում» են, բայց լուծում չեն առաջարկում և թողնում են ձեր ու ծնողների միջև լուծելու հարթակին։ Գործեք ձեր իրավունքների շրջանակում։ Թվում է՝ մանրուք է, բայց հենց մանրուքներից են ճյուղավորվում գլխավոր խնդիրները։