Կարմրուկը, Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված կլինիկան ու տեսչական մարմնի անգործությունը

Կարմրուկի 11 հաստատված դեպքերի մասին հաղորդագրությունը տարածվեց ուղիղ տասն օր առաջ։ Այսօր արդեն, ըստ պաշտոնական տվյալների, հիվանդների թիվը հասել է հինգ տասնյակի։
«Ուիգմոր» մանկական հիվանդանոցի բժշկական գծով փոխտնօրեն Հրաչուհի Ղազարյանը շաբաթ օրը հաստատեց մամուլում հրապարակված  այն տեղեկությունները,  որ առաջին վարակվածների մեծ մասը բուժում են ստացել իրենց մոտ, գրում է Panorama.am-ը։

Մամուլը նաև գրել էր, որ այս բժշկական կենտրոնը փոխկապակցված է առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի մոր հետ։ Ինֆեկցիոնիստներն էլ կասկած էին հայտնել, որ հիվանդների բուժումը կազմակերպվում է հենց այդտեղ պետպատվերի շրջանակում բուժման գումարներն այդ կլինիկա ուղղելու համար։

Ի դեպ, մասնագետները նշում են, որ «Ուիգմոր»-ը կարմրուկ  բուժելու  իրավունք չունի, հետևաբար, պետք է ծանուցեր պետական մարմնին իրավիճակի մասին, մեկուսացնեին հիվանդներ, ինչը չի արել։

Հնչած հայտարարությունների ու տեղի ունցածի վրա կարող էր լույս սփռել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։ Սակայն ստեղծված իրավիճակում խիստ  ուշագրավ է այդ մարմնի  ցուցաբերած անգործությունը։  Որևէ ստուգում այս մարմինն անցած օրերին ոչ «Ուիգմոր»-ում, ոչ էլ այլ բուժհաստատությունում չի իրականացրել։  Ասում են՝ դա ևս պայմանավորված է կլինիկայի պետության հովանու ներքո գտնվելու հանգամանքով։

Տեսչական մարմնի կանոնադրության համաձայն,  դրա խնդիրներից են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը,  ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, բժշկական օգնության և սպասարկման, առողջության պահպանման և աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտներում։

Այսինքն, կարմրուկի դեպքերի մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո տեսչական մարմինը պետք է մտներ կլինիկա՝ հասկանալու, թե ինչ է արվել կամ ինչ չի արվել հետագա դեպքերը կանխելու նպատակով։ Մինչդեռ փաստացի տեսչական մարմինը վարակիչ հիվանդության կանխման նպատակով որևէ քայլ չի արել՝ նպաստելով հիվանդության տարածմանը։