Ավինյանը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի «Լուսավոր Հայաստան»-ՔՊ դաշինքով. YerevanLive

YerevanLive-ի տեղեկություններով, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գտնում է, որ առաջիկայում սպասվելիք Երևանի ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով մասնակցելն իր համար խնդիրներ է առաջացնելու, հաշվի առնելով ոչ միայն ՔՊ-ի անկում ապրող վարկանիշը, այլև կուսակցության ներսում տեղի ունեցող խմորումները։

Քանի որ նա իր մտահոգությունն արտահայտում է գրեթե ամեն տեղ, որոշվել է որպես այլընտրանք՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան»-ՔՊ դաշինքով։

Այս դաշինքը նույնպես Ավինյանի սրտով չէ, քանի որ նա համարում է, որ տվյալ դեպքում դաշինքն իր համար դառնալու է հավելյալ զսպող օղակ։ Բացի այդ, ԼՀԿ-ի վարկանիշը նույնպես խիստ ցածր է։ Սակայն այլևս հրաժարվել չի կարող, հակառակ դեպքում կա մտավախություն, որ բոլոր առաջարկներից հրաժարվելու դեպքում, պարզապես կարող է դուրս մնալ խաղից։

Առավել ևս, որ ըստ YerevanLive-ի տեղեկությունների, Տիգրան Ավինյանը տարբեր միջավայրերում՝ հատկապես այսպես կոչված թաղային հեղինակությունների հետ հանդիպումների ժամանակ հստակ տարանջատվում է Նիկոլ Փաշինյանից և ՔՊ-ից՝ ասելով, որ միևնույն է Փաշինյանը շուտով հեռանալու է պաշտոնից և ինքը Երևանի քաղաքապետ ընտրվելն առաջին քայլն է համարում՝ հետագայում ՀՀ վարչապետ դառնալու ճանապարհին։