Պետք է ապացուցենք, որ ունենալու ենք այն երկիրը, այն հայրենիքը, որի համար մեր տղաները տվել են իրենց կյանքը. Արթուր Վանեցյան
«Հայրենիք» կուսակցությունում շնորհավորել են կանանց և աղջիկներին Մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

Միջոցառմանը «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հատուկ կարևորել է կանանց դերը երկրում կայունության և զարգացման հեռանկարի ապահովման գործում:

«Հայրենիք» կուսակցության նախագահը խոնարհումի և երախտագիտության խոսքեր է հղել Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսների մայրերին։

«Չե՛նք կարող չհիշել այն մայրերին, որոնք մեզ զինվորներ են պարգևել։ Խոնարհվելով մեր հերոսածին մայրերի առջև՝ պետք է շարունակենք ապրել մեր երկրում, պետք է բոլորս կարողանանք ապացուցել, որ ունենալու ենք այն երկիրը, այն հայրենիքը, որի համար մեր տղաները տվել են իրենց կյանքը», – նշել է Արթուր Վանեցյանը:



