Արցախի պետնախարարը կոչ է արել ձևավորել կամավորական խմբեր

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը երիտասարդությանը, ուսանողությանը և հասարակական կազմակերպություններին կոչ է արել ձևավորել կամավորական խմբեր և աջակցություն ցուցաբերել պետության կողմից իրականացվող ծրագրերի իրագործմանը։

«Անընդունելի եմ համարում, որ շրջափակման պայմաններում Արցախ է բերվում հումանիտար բեռ, որը բեռնաթափելու կամ բեռնելու, փաթեթավորելու և շահառուներին հասցնելու համար պետությունը ստիպված է ֆինանսական միջոցներ ծախսել»-ասել է պետնախարարը։

Նա նշել է, որ թեկուզև պետությունը կրում է քաղաքացիների իրավունքների ապահովման պոզիտիվ պարտականություն, սակայն Արցախի Հանրապետությունը մեծ ընտանիք է, և ինչպես ընտանիքներում, այնպես էլ պետությունում հնարավորությունները անսահմանափակ չեն, իսկ խնայողությունը և ջանքերի մեկտեղումն այսօր խիստ անհրաժեշտություն է։