Նիկոլ Փաշինյանը նմանվել է ծեր ծաղրածուի, որի հումորները դարձել են տափակ. Mediahub.am

Բազմիցս էր անդրադարձ եղել, որ Նիկոլ Փաշինյանը բացի այն, որ աշխարհում այլևս որևէ մեկին պետք չէ, կորցրել է նաև վստահությունը հանրության մոտ։
Սակայն օրերս նրա՝ Գյումրի ու Փարաքար այցելելուց հետո, ակնհայտ դարձավ, որ նա սպառել է իրեն նաև քարոզչության առումով։ Նրա հիստերիկ ելույթներն այլևս ոչ միայն չեն թողնում ցանկալի ազդեցություն հասարակության որոշակի շերտերի վրա, այլև կորցրել են իրենց «ակտուալությունը»։
Նիկոլ Փաշինյանը վերածվել է թոշակի անցած ծաղրածուի, որը չի կարողանում գիտակցել, որ իր կատակներն արդեն ժամանակավրեպ են ու նոր սերնդի համար տափակ։ Այն ծաղրածուի, որը համառորեն ձգտում է զվարճացնել հանդիսատեսին, սակայն հանդիսատեսը իրականում զվարճանում է ոչ թե նրա կատակների, այլ նրա անձի վրա, որին խառնված է խղճահարությունը։ Այնուհետև առաջացնում է ձանձրույթ, սակայն ծեր ծաղրածուն չի կարողանում գիտակցել, որ իր ժամանակն անցել է անդարձ։
Տարատեսակ տներ, մեքենաներ, իրեր ու գումարներ «հատիկ առ հատիկ» վերադարձնելու Փաշինյանի Գյումրիում արված հայտարարությունները հենց ծեր ծաղրածուով կրկեսի ժանրից են, որովհետև այդ «հումորն» արդեն ձանձրալի է ու չի թողնում ցանկալի ազդեցություն։
Եթե նա իրոք ցանկանում էր «հատիկ առ հատիկ» վերադարձնել իր պատկերացմամբ ինչ-ինչ ապօրինի գույք, ապա դրա համար ուներ շուրջ 7 տարի ժամանակ, սակայն 7 տարվա մեջ պարզ դարձավ, որ նա իր այդ «համարով» հանդես է գալիս միայն որևէ ընտրության քարոզարշավից առաջ կամ ընթացքում։
«Հատիկ առ հատիկ» վերադարձնելու օպերացիայի շրջանակներում, որը մեկնարկել էր 2018 թվականին, իրականում որևէ լուրջ բան չվերադարձվեց, պարզապես իրականացվեց պետական ռեկետ որոշ անձանց նկատմամբ։ Թե այդ գումարներն ուր գնացին, այդպես էլ ոչ մի հաշվետվություն չեղավ, միայն հանրության համար ակնհայտ դարձավ, որ «հատիկ առ հատիկ վերադարձվելուն» զուգահեռ, «հատիկ առ հատիկ» հարստացան ու լկտիացան հենց Նիկոլի թիմակիցները։
«Հատիկ առ հատիկ» վերադարձնելու տափակաբանությունը մարդկանց մոտ առաջացնում է ընդամենը ծիծաղ ու արհամարհանք, այն միայն կարող է որպես քաղաքական թուր կախվել ընդդիմախոս մարդկանց գլխին, սակայն դրանից թե’ պետության տնտեսության, թե’ հասարակության կենսամակարդակի բարձրացման վրա ունենալու է զրո ազդեցություն։
Նիկոլ Փաշինյանի բոլոր ելույթները, բոլոր ժեստերը, ամբիոնի առջև արվող բոլոր ծամածռությունները դարձել են խիստ կանխատեսելի, դեռևս ամբոնին չմոտեցած, արդեն պարզ է դառնում, թե ինչ պետք է խոսա ու ինչ ժեստիկուլիացիայով։
Նիկոլ Փաշինյանն ավարտված է նաև այն տիրույթում, որում երկար ժամանակ շատերը նրան համարում էին դժվարմրցելի։ Եթե ընդդիմությունն այդ աստիճան տարված չլիներ «ով է բերել Փաշինյանին» օրակարգով, ապա այդ նույն Փաշինյանին կարող էր ջախջախել նաև այն «ջրում», որտեղ նա համարվում էր անմրցելի «ձուկ»։
Առկա է առնվազն երեք կոմպոնենտ, որը կործանարար է Փաշինյանի համար, արտաքին ուժերի աջակցության բացակայություն, հանրության վստահության խիստ նվազում ու ներքին լսարանին ուղղված խոսքի զրոյական ազդեցություն։ Մնում է միայն ապահովել հասարակակական լայն կոնսոլիդացիա ու վերցնել իշխանությունը։
Կարեն Կարապետյան
Աղբյուրը՝ Mediahub.am