Հրապարակային քայլերի բացակայությունը մեր օգտին չէ, չի կարելի անպաշտպան թողնել սեփական հայրենակիցների

ՔՊ ղեկավարի և վերնախավի որոշ ներկայացուցիչների խոսքերը, թե հրապարակային քայլերի դեպքում գերիներն Ադրբեջանից չեն վերադառնա, ոչինչ չանելու արդարացումներ են: Սա վտանգավոր պահվածք է. քաղաքացուն ցույց են տալիս, որ խնդիր ունենալու դեպքում պետությունը նրան չի պաշտպանելու: Այս մասին գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Երբ 2021թ. հրապարակեցինք Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ մեր զեկույցը, ՔՊ վերնախավից որոշ անձինք այն անվանեցին «հնարած տեսարաններ»:
Նման գործելաոճն առավել է արձակում ադրբեջանական իշխանության ձեռքերը, նսեմացնում է պատանդների և գերիների ազատ արձակման համար պայքարը:
Այն պայմաններում, երբ ադրբեջանական իշխանությունն արգելափակում է դատաիրավական ճանապարհները, միջազգային կառույցների աշխատանքը, պետությունը հատկապես պարտավոր է ակտիվ գործել, առաջին հերթին` հրապարակային դաշտում ու մեծացնել ճնշումը:
Հրապարակային քայլերի բացակայությունը մեր օգտին չէ, չի կարելի անպաշտպան թողնել սեփական հայրենակիցներին, հատկապես նրանց, որոնք պայքար են տարել Հայրենիքի համար»,- գրել է նա: