Փաշինյանի հասցեին նույնիսկ ամենասուր հայհոյանքներով արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջելը նշանակում է ծառայել նույն Փաշինյանին
Բոլոր այն քաղաքական ուժերը կամ մարդիկ, որոնք պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, կամա թե ակամա ծառայում են Նիկոլ Փաշինյանին ու ջուր են լցնում վերջինիս ջրաղացին։ Այդ մարդիկ կամ քաղաքական միավորները, ներկայանալով որպես ընդդիմություն, իրականում տրամագծորեն հակառակ պահանջով, փորձում են պառակտել շարժումն ու պայքար են ծավալում ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ընդդիմության դեմ։ Այլ խոսքով՝ ձգտում են հեռացնել ոչ թե գործող իշխանությանը, այլ ընդդիմությանը։
Այդ միավորներն ու անձինք ունեն գեթ մեկ նպատակ, ինչ գնով էլ լինի, հայտվել խորհրդարանում, քանի որ քաղաքական պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե Նիկոլ Փաշինյանը, մնալով վարչապետ, գնա արտահերթ ընտրությունների, ապա վերարտադրման համար գործի է դնելու ողջ վարչական ու ֆինանսական ռեսուրսներն ու ընտրակեղծիքների ամբողջ գործիքակազմը։ Վերջերս նաև ապացուցեց, որ չի խորշում անգամ ոստիկանական բռնաճնշումներից։
Նման սցենարի դեպքում և՛ գայրերը կուշտ կլինեն, և՛ ոչխարները՝ ապահով։ Նիկոլ Փաշինյանը միանգամից կլուծի չորս խնդիր։ Առաջինը՝ իր համար կապահովի լեգիտիմություն, իսկ ընդդիմությունը, զրկված լինելով որևէ լծակից, չի կարողանալու ընտրակեղծիքների մեքենայի պտույտը կանգնեցնել, հատկապես, որ որոշ «ընդդիմադիր» ուժեր այդ ցանկությունը չեն էլ ունենա։ Երկրորդը՝ կհետաձգի խորհրդարանական հերթական ընտրությունների ժամկետը, երրորդը՝ կապահովի ժողովրդավարության շղարշ․ ցանկանո՞ւմ էին արտահերթ խորհրդարանակ ընտրություններ, ստացան այն։ Վերջապես չորրորդը՝ կազատվի իրական ընդդիմությունից՝ փորձելով նրան ամբողջովին մղել մարգինալ դաշտ ու խորհրդանանում կունենա իր իսկ կողմից ձևավորված ու իր իսկ հրահանգները կատարող ընդդիմություն, որին կտրվի քննադատության որոշակի չափաբաժին՝ դեմքը փրկելու համար։
Իսկ ի՞նչ կստանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջող ուժերը։ Ընդամենը մի բան՝ մանդատ, ուրիշ ոչինչ։
Շատ կարևոր է այն հանգամանքը, որ ամենևին պետք չէ խաբվել այդ անձանց սուր քննադատություններից։ Նախ, քննադատություններն ընդամենը բառեր են, որոնք գրոշի արժեք չունեն, եթե գործողությունների ու քննադատությունների տակ թաքնված պահանջներն այլ տրամաբանության շրջանակներում են։ Բացի այդ, հաճախ ամենասուր քննադատությունը կարող է լինել Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու քողարկված քայլ։ Որքան սուր լինի քննադատությունը, այդքան շատ այդ անձը կամ քաղաքական միավորը ձեռք կբերի ճանաչվածություն, վստահություն, դեպի իրեն կքաշի ընդդիմության ձայներն ու Նիկոլ Փաշինյանից դժգոհ զանգվածն ու վերջնարդյունքում այդ ամենը կծառայեցնի նույն Նիկոլ Փաշինյանին՝ փոխարենը ստանալով մի քրջոտ մանդատ։
Ասվածից չի նշանակում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք չեն, իհարկե պետք են, սակայն միայն Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո, ու այդ ընտրությունները պետք է կազմակերպեն ոչ թե ներկայիս իշխանությունները, այլ այն կառավարությունը, որը հաջորդելու է նրան։
Այլ խոսքով՝ հերթականությունը պետք է լինի հետևյալը․ Նիկոլ Փաշինյանի հեռացում, ընդդիմության կողմից նոր կառավարության ձևավորում, Ազգային ժողովի ընտրություններ։ Հերթականության խախտումը, եթե նույնիսկ այն խախտվում է Նիկոլ Փաշինյանի հասցեին ամենասուր հայհոյանքներով, ծառայում է ու գուցե պատվիրված է հենց վերջինիս կողմից։
Կարեն Կարապետյան