Ինձ առաջ մղողը հայրենիքի հանդեպ ունեցած սերն է և այն արժեհամակարգը, որը կրում եմ․ Գագիկ Հովսեփյան

YerevanLive-ի զրուցակիցն է հասարակական գործիչ, երիտասարդության պայքարի առաջին շարքերում կանգնած Գագիկ Հովսեփյանը։

– Բարև ձեզ Գագիկ, Ձեզ հաճախ կարելի է տեսնել երիտասարդական պայքարի առաջին շարքերում։ Ո՞րն է Ձեզ առաջ մղող նպատակը։

– Բարև Ձեզ, շնորհակալություն հնչեցված հարցի համար, սիրով կպատասխանեմ: Ավելի շատ գիտակցումն է առաջ մղում, այլ ոչ թե նպատակը, հայրենիքի հանդեպ ունեցած սերը և այն արժեհամակարգը, որը ես կրում եմ:

– Օրերս Բագրատ Սրբազանն իր խոսքում առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց երիտասարդներին։ Ակնհայտ է, որ այսօր երիտասարդությունը կանգնած է պայքարի առաջնագծում, սակայն ի՞նչ եք կարծում, երիտասարդությունն այսօր իր ամբո՞ղջ ներուժով է մասնակցում պայքարին, թե՞ այնուամենայնիվ կան ոչ սակավաթիվ երիտասարդներ, այդ թվում ուսանողներ, որոնք դեռևս կողքից են նայում ծավալվող գործընթացին։ Եթե իրոք այդպես է, ապա ո՞րն է, ըստ Ձեզ, նրանց պասիվության պատճառը։

– Այս հարցը ամենակարևորն է։ Տեսեք, այսօր երիտասարդությունը միանշանակ ամբողջապես ներգրավված չէ այս պայքարում։ Ես գիտակցում բառը հենց այնպես չէի շեշտում։ Այսօր երիտասարդությունը տարբեր կերպով է իր անհնազանդությունը հայտնում, մի մասը ներգրավված է պայքարում, մյուս մասը դասադուլի միջոցով է արտահայտում իր անհնազանդությունը, ոմանք էլ խուսափում են դուրս գալ։ Նշեմ մի քանի գործոն՝ ընտանիքում վախի մթնոլորտը, ոստիկանության բիրտ և ոչ համաչափ ուժի կիրառումը։ Ու նաև ցավով պետք է փաստել, որ կան ոչ իրական համոզմունքներ, որոնք հակառակ ազդեցությունն ունեն: Բայց երևի ամենակարևորը գիտակցության պակասն է։ Այո՛, պետք է սա փաստել, այսօր մեր երիտասարդության մեծ մասը մոլորության մեջ է: Գլխավոր մոլորեցնողը սոցցանցերն են, հարթակներ, որտեղ սուտ ինֆորմացիան գերակշռող մաս է կազմում:

– Բագրատ Սրբազանը սիրո հեղափոխության տրամաբանության շրջանակներում կոչ էր անում սուրճ խմելու հրավիրել ՔՊ կուսակցության անդամներին։ Եթե Ձեր հասակակից որևէ ՔՊ անդամ երիտասարդի հետ նստած լինեիք սուրճի սեղանի շուրջ, ի՞նչ կասեիք։

– Շատ հետաքրքիր հարց եք տալիս․ ի սկզբանե ինձ համար մեծ հարց է, թե որ պարագայում ես պիտի մեկ սեղանի շուրջ նստեի ՔՊ անդամի հետ։ Իմ կարծիքով՝ հստակ գիտակցում չունեցող անձնավորությունը, ում մոտ պակասում են արժեքները, սերը հայրենիքի հանդեպ, դժվար սուրճ խմի ինձ հետ։ Բայցևայնպես, պետք է փորձել յուրաքանչյուրի մեջ արթնացնել հայի զգացումը, եթե դա հնարավոր է։

– Անկախ պայքարի արդյունքից՝ Ձեզ տեսնո՞ւմ եք քաղաքականության մեջ, և եթե՝ այո, ապա, ըստ Ձեզ, ի՞նչ է քաղաքականությունը՝ պարզապես հոբբի, հաջողության ու բարեկեցության հասնելու ճանապարհ, թե՞ բնագավառ, որին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ և զբաղվել ոչ թե ազատ ժամանակ, այլ ընկալել որպես գիտություն։

– Ամեն ինչ ավարտված չէ։ Այո՛, քաղաքականությունը համարում եմ մի բնագավառ, որին պետք է մոտենալ ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ, որը կսպասարկի Հայի, Հայրենիքի շահերը: Ցավով պետք է նշեմ՝ մենք այսօր ապրում ենք պատրանքի Հայաստանում, որտեղ բոլոր բարձրագույն արժեքները հեղինակազրկվել են:

-Եվ վերջում, կարո՞ղ եք նշել երեք կարևոր քայլ, որոնք պայքարն անխուսափելիորեն կհանգեցնեն հաղթական ավարտի:

Հավատ առ Աստված, Հավատ ինքդ քո հանդեպ, անսպառ սեր Հայրենիքի նկատմամբ: Շնորհահալություն։